ՀՀ պետական հանրակրթական դպրոցների առաջին դասարանցիների առցանց ընդունելության կարևոր բաղադրիչը երեխաների և ծնողների տվյալների համապատասխանության նախապես ստուգումն է: Այն մինչև մայիսի 31-ն իրականացվում է stugum.emis.am կայքում` երեխաների և ծնողների տվյալները մուտքագրելով: Ստուգման համակարգը բացվել է մայիսի 3-ից: Մինչ օրս stugum.emis.am կայքի միջոցով հաստատվել է առաջին դասարան հաճախող շուրջ 14.000 երեխաների և նրանց ծնողների տվյալների համապատասախանությունը:
Ստուգման համակարգից օգտվող շահառուների ակնկալվող թիվը, սակայն, շուրջ 25 հազար է, հետևաբար ակնկալվում է, որ առաջիկա օրերին առավել մեծ կլինի ակտիվությունը` ծնող-երեխա կապը հաստատող տվյալների համապատասխանությունը ստուգելու առումով: Այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարել է «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը: Օգտվելով առիթից՝ նա ծնողներին կոչ է արել հետագա խնդիրներից խուսափելու համար տվյալների ստուգումն իրականացնել մինչև մայիսի 31-ը:
Տվյալների ստուգմանը կհաջորդի բուն հայտագրման փուլը, որը հունիսի 1-ից կսկսվի hayt.emis.am համակարգի միջոցով: Առաջին փուլում մինչև հունիսի 10-ը կհայտագրվեն այն երեխաները, որոնց ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, կամ երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող քույր կամ եղբայր: Հունիսի 11-ից համակարգը բաց կլինի բոլոր հայտատուների համար։ Առցանց հայտագրման գործընթացը պարտադիր է ՀՀ բոլոր այն դպրոցների համար, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն:
«Երեխայի և ծնողների տվյալները նախապես չստուգելու պարագայում բուն գրանցման օրը կարող են խնդիրներ լինել: Օրինակ՝ կարող է պարզվել, որ երեխայի կամ ծնողի փաստաթուղթը թվայնացված չէ: Այդ պարագայում համակարգը չի կարող գտնել ծնող-երեխա կապը ու թույլ չի տա գրանցվել: Տվյալները ստուգելու խնդիրը դրվել է հնարավոր չարաշահումներից զերծ մնալու նպատակով»,- նշել է Արտակ Պողոսյանը: