Ռուս-թուրքական հարաբերություններում կրկին մութ ամպեր են կուտակվել, և դրանք կապված են այն «կարմիր գծերի» հետ, որոնց գոյության մասին Մոսկվան զգուշացնում է արդեն յոթ տարի շարունակ։ Խոսքը վերաբերում է Ղրիմին, որի պատկանելության մասին կասկածն անգամ Ռուսաստանն ընկալում է որպես արդեն ոչ բարեկամական։ Խնդիրն այն է, որ Անկարան վերջերս միացավ «Ղրիմյան պլատֆորմին», որը ստեղծվել է Ուկրաինայի նախագահ Զելենսկու նախաձեռնությամբ, իրենից ներկայացնում է խորհրդատվական և կոորդինացիոն մարմին, և որի նպատակն է «Ղրիմի դեօկուպացումը» և վերադարձն Ուկրաինայի կազմ։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր «Արգումենի ի Ֆակտի» պարբերականի հետ հարցազրույցում բավական կոշտ է արտահայտվել Թուրքիայի հասցեին՝ ըստ էության զգուշացնելով, որ այս հարցում Թուրքիայի գործողություններն ու դիրքորոշումը լավ բանի չեն հանգեցնի։ Ըստ երևույթին, Լավրովի զգուշացումն արձագանքն էր մայիսի 18-ին Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցչի այն հայտարարությանը, թե «Թուրքիան հասկանում է Ղրիմից արտաքսված մեր թաթար եղբայրների և Կովկասից արտաքսված մեր եղբայրական ժողովուրդներից յուրաքանչյուրի ցավը»՝ հընթացս «հիշեցնելով», որ 157 տարի առաջ Ցարական Ռուսաստանը բռնազավթել է Կովկասը։ Սրան կարելի է, թերևս, ավելացնել, որ դեռևս ապրիլի սկզբին Թուրքիայի նախագահ Էրդողանը ողջունել էր «Ղրիմյան պլատֆորմի» ստեղծումը՝ անընդունելի համարելով Ռուսաստանի կողմից «Ղրիմի անեքսիան»։
Կովկասի հարցում Թուրքիայի դիրքորոշումը նոր չէ։ Եթե վերհիշենք ԽՍՀՄ փլուզումն ու հետխորհրդային ժամանակահատվածը, ապա անհնար է շրջանցել այն փաստը, որ Կովկասում Ռուսաստանից անջատողականության հիմնական գաղափարախոսն ու հովանավորը հենց Թուրքիան էր, որը հաջողեցրեց Չեչնիայում երկու պատերազմ հրահրել՝ ժամանակ առ ժամանակ կարողանալով այդ պատերազմի մեջ ներքաշել նաև Ինգուշիան և Դաղստանը։ Այսպես թե այնպես, Ռուսաստանին ժամանակի ընթացքում հաջողվեց վերահսկողության տակ առնել այս տարածաշրջանը, և այդ պահից սկսած Թուրքիան սկսեց «Մառլեզոնյան բալետի» երկրորդ արարը՝ Ղրիմում։
Հարկ է կանխավ նշել, որ սկզբնական շրջանում Անկարայի այս նոր խաղը հակառուսական որևէ տարր գրեթե չուներ, քանի որ Թուրքիան համբերատար սպասում էր, թե ե՞րբ է տարատեսակ հեղափոխություններից թուլացած, Պորոշենկոյի ապիկար կառավարման հետևանքով կործանման եզրին հասած Ուկրաինան փափկելու այն աստիճան, որ Թուրքիայի կողմից Ղրիմի «չանթումը» նույնիսկ նվազագույն հակազդեցություն չառաջացնի։ Այլ հարց է, որ Մոսկվան շատ ուշադիր հետևում էր Անկարայի գործողություններին, քանի որ հստակ հասկանում է՝ մեկ բան է, երբ Ղրիմը թեկուզ ոչ այնքան բարեկամական, սակայն Ուկրաինայի կազմում է, և բոլորովին այլ, երբ Ղրիմի թուրքականացման վտանգ է առաջանում։
X ժամը վրա հասավ 2014-ին, երբ Ռուսաստանը, փաստացի, տապալեց Ղրիմի թաթարների օգտագործման միջոցով Ղրիմը Թուրքիայի վերահսկողության տակ վերցնելու օպերացիան և բառացիորեն Անկարայի քթի տակից վերցրեց թերակղզին։ Հասկանալի է, որ Մոսկվայի այս քայլը Անկարան ընկալեց որպես թշնամական գործողություն, սակայն ուղիղ առճակատման չգնաց՝ նախընտրելով «արդարության մարտիկի» պատմուճանը՝ պատեհ ու անպատեհ բոլոր առիթներով հայտարարելով Ղրիմի ուկրաինապատկանության մասին։
Բնական է, Կրեմլը բոլոր դեպքերում բավական ջղային արձագանք էր տալիս Թուրքիայի այս կեցվածքի համար, սակայն նույնպես չէր գնում ուղիղ առճակատման ճանապարհով՝ գերադասելով ուժերը կենտրոնացնել Ուկրաինա-Արևմուտք տանդեմի դեմ պայքարի ուղղությամբ։ Սակայն, որքանով հնարավոր է ենթադրել Լավրովի այսօրվա հայտարարությունից, Թուրքիան այս անգամ հատել է թույլատրելի սահմանը։ Համենայնդեպս, հանգամանքը, որ Ռուսաստանի արտգործնախարարը հիշեցումը, թե միջազգային մի շարք իրադարձությունների շուրջ Անկարայի հետ Մոսկվայի լրջագույն տարաձայնություններն անգամ չեն խոչընդոտում մի շարք ոլորտներում լիարժեք գործակցությանը, ավելի շատ զգուշացում է, քան փաստերի արձանագրում։ Իսկ եթե հաշվի առնենք Թուրքիայի տնտեսության ներկա վիճակը, Լավրովի խոսքերը կարելի է դիտարկել նաև անգամ որպես սպառնալիք։