Զվարթնոցի տաճարում տոլմայի բույրն է տարածվել: Մեկ տարի ուշացումով անցկացվում է տոլմայի համահայկական հոբելյանական՝ 10-րդ փառատոնը: Այստեղ խոհարարների միտքը թևեր է առել, ուտեստներն արվեստի գործի են վերածվել: Անգամ տոլմայի տարբեր տեսակներով Մարտիրոս Սարյանի բնանկարներից մեկն են պատկերել:
Խոհարարական այս ստեղծագործության հեղինակը Երևանի 6-րդ արհեստագործական պետական ուսումնարանի խոհարարներն ու սաներն են: Ամեն տարի մասնակցում են ու միշտ մրցանակներով հեռանում: Հարևանությամբ էլ «Մեր տունը» ՀԿ-ի մանկատան շրջանավարտ աղջիկների տաղավարն է: 7 տեսակի տոլմայով են փառատոնին մասնակցում:
«Մեր տանը» հարսանիքի են պատրաստվում: Անահիտը շուտով կամուսնանա: Սպասում են փեսացուի զորացրվելուն: Մինչև ընկերը բանակից կգա, խոհանոցում արդեն հմտացել է:
Միջոցառմանը տոլմայի մոտ 70 տեսակներով մասնակցում են մի քանի տասնյակ խոհարար, հասարակական կազմակերպություններ ու ռեստորաններ՝ Հայաստանի մարզերից: Փառատոնի պատմության մեջ առաջին անգամ, երկու տաղավարով, ներկայացվել է նաև Արցախի խոհանոցը: Այս անգամ տաղավարներն առանձնանում են գեղագիտական մոտեցմամբ:
Համահայկական փառատոնը հետաքրքրել է նաև բազմաթիվ զբոսաշրջիկների: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը մի խումբ զբոսաշրջիկների է ուղեկցում, ասում է՝ փառատոնները նպաստում են մարզերի համաչափ զարգացմանն ու զբոսաշրջության ընդլայնմանը:
Քանի դեռ փառատոնի հյուրերն ու զբոսաշրջիկները վայելում էին հայկական խոհանոցը, խստապահանջ ժյուրին որոշում էր կայացնում: Գլխավոր մրցանակն ստացավ 6-րդ արհեստագործական ուսումնարանը՝ խոհարարական «կտավի» համար: