«Կա՛ այլընտրանք, քվեարկի՛ր». «Լուսավորն» արտահերթին այս կարգախոսով է գնում։ Կուսակցության նախագահի խոսքով՝ մարդկանց մեծ մասը դեմ է և՛ ներկային, և՛ նախկինին, ու քաղաքական դաշտում իրենք կարող են դառնալ հիմնական այլընտրանքը։
Սպասվող ընտրությունում շանսերը բարձր գնահատելով՝ Էդմոն Մարուքյանը «փողով պատվիրված է» բնորոշում այս օրերին արվող հարցումները, պնդում՝ ֆավորիտներ չկան, այդ խոսակցությունները սարքած են։
3 օրից լրանում է ընտրական ցուցակները ներկայացելու ժամկետը, իսկ «Լուսավոր Հայաստանը» միայն առաջին համարի անունն է հրապարակել։ Կուսակցության վարչապետի թեկնածուն ասում է՝ ցուցակ գրել չեն շտապել, առայժմ սպասում են, հնարավոր է՝ իրենց համախմբման կոչին արձագանքողներ լինեն։ Այս պահի դրությամբ 15-16 քաղաքական ուժ արդեն իսկ պայքարի հայտ է ներկայացրել, հաշվել է Մարուքյանն ու եզրահանգել՝ առանձին պայքարի դեպքում ձայները փոշիանալու են։
2015-ին ստեղծված «Լուսավոր Հայաստանն» այսօր երրորդ համագումարն էր անցկացնում։ Կուսակցությունը երբեք չի դավաճանել իր գաղափարներին, ծրագրերին՝ հայտարարեց Մարուքյանը, հիշեց անցած ճանապարհը՝ 9 տարի առաջ սկսել է մեկ մանդատից ու 7-րդ գումարման Ազգային ժողովում 18 մանդատով դարձել երրորդ ուժը։ Կուսակցության ղեկավարը դիմեց քաղաքացիներին, հայտարարեց՝ թեև հուսահատությունը մեծ է, բայց երկիրը ճգնաժամից դուրս բերելու միակ տարբերակը ընտրությանը մասնակցելն է։
Համախմբվել պետք է առաջին հերթին արտաքին թշնամու դեմ՝ խոսելով սահմանից՝ ասաց Մարուքյանը։ Մայիսի 12-ից ադրբեջանցի զինվորականները Հայաստանի տարածքում են, ու իրավիճակը դեռ չի փոխվում։ Ըստ պատգամավորի՝ հարցը պետք է լուծվի նախ դիվանագիտական ճանապարհով, կրակելը վերջին ու ծայրահեղ տարբերակն է։
Ըստ նրա՝ իրավիճակի հանգուցալուծումից է կախված նաև արտահերթի լինել-չլինելը։