Ամեն օր ֆիզիոլոգիայի ինստիտուտի աշխատակիցները հագնում են սպիտակ խալաթները, շտապում լաբորատորիա: Հետազոտությունը գիտնականի համար ոչ միայն աշխատանքային պարտականություն է, այլև ապրելակերպ:
Նաիրա Այվազյան (ՀՀ ԳԱԱ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն) - Մեր գիտությունը բավականին բարձր որակ ա միշտ ունեցել: Գիտեք՝ գիտնականը մի մարդ է, որն ունի հետազոտություն անելու պահանջ, դա էն դեպքն ա, որ նույնիսկ շատ փոքր աշխատավարձով մարդիկ այնուամենայնիվ փորձում էին ռեալիզացնել իրանց այդ պահանջը:
Այսօր գիտաշխատողի միջին աշխատավարձը 90.400 դրամ է, ավելի քան 2 անգամ պակաս Հայաստանում հաստատված միջին աշխատավարձից: (Հայաստանի միջին ամսական անվանական աշխատավարձ 2021 թ. հունվարին 183.760 դրամ է): Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձը կազմում է 141.400 դրամ, իսկ գլխավոր գիտաշխատողի միջին աշխատավարձը 138 հազար դրամ է:
Խորհրդային Միության փլուզումից հետո մեր գիտնականները շուրջ երեք տասնամյակ ստիպված են եղել աշխատել գիտնականին ոչ հարիր աշխատավարձով: Գիտական հանրույթի պարբերական բողոքներն ու պահանջները անարդյունք էին մնում՝ հանգեցնելով նաև ուղեղների արտահոսքի:
Կառավարությունը նախորդ շաբաթ որոշում ընդունեց՝ առաջիկա 4 տարիներին գիտաշխատողների աշխատավարձը պարբերաբար կբարձրանա:
Գիտաշխատողը 2025-ին կստանա 276 հազար դրամ, գիտական ստորաբաժանման ղեկավարը՝ 477.200 դրամ, գլխավոր գիտաշխատողի միջին աշխատավարձը կկազմի 553 հազար դրամ:
Պետությունից տրամադրվող բազային աշխատավարձի չափաքանակը 2022-ին կկրկնապատկվի՝ 4-ի փոխարեն հասնելով 7.8 միլիարդ դրամի, 2025-ին կհատկացվի 14.4 մլրդ դրամ: Կառավարությունում նման փոփոխությունը թռիչքաձև են անվանում, Հայաստանում գիտության ոլորտում 2010-ից բազային աշխատավարձերը չէին փոխվել:
Արթուր Մովսիսյան (ՀՀ ԿԳՄՍՆ գիտության պետական կոմիտեի նախագահի տեղակալ) - Աշխատավարձերի բարձրացումը նախատեսվում է՝ լաբորանտ, ավագ լաբորանտ, ճարտարագետ, ավագ ճարտարագետ, կրտսեր գիտաշխատող և մինչև գլխավոր գիտաշխատող: Նաև խմբի ղեկավար և լաբորատորիայի վարիչ պաշտոնների համար է աշխատավարձի բարձրացում նախատեսվում:
Աշխատավարձերի բարձրացումը միանշանակ կխթանի երիտասարդների մուտքը գիտաշխարհ՝ վստահ է Արթուր Մովսիսյանը: Գիտական աշխարհում այս բարեփոխումը ուրախությամբ են ընդունել, նույնիսկ ուշացած են համարում, բայց զարգացումը պետք է երկկողմանի լինի, առաջխաղացում է անհրաժեշտ ինչպես ֆինանսական, այնպես էլ, օրինակ՝ տեխնիկական ու ենթակառուցվածքային ոլորտներում՝ կարծում է կենսաբանական գիտությունների դոկտոր Նաիրա Այվազյանը:
Նաիրա Այվազյան - Որպեսզի մենք ուզենանք քայլենք գիտության հետ, որը աշխարհում են անում, անհրաժեշտ ա ունենալ որոշակի ենթակառուցվածք, իհարկե արդիականացնել սարքավորման ոլորտը: Միաժամանակ մարդիկ, որոնք զբաղվում են դրանով, այնուամենայնիվ, պետք է չմտածեն կողմնակի աշխատանքի մասին, որ լրիվ տրվեն հետազոտական աշխատանքին, էդ կտրվածքով աշխատավարձերի բարձրացումը խիստ անհրաժեշտ էր:
Սարքավորումներ ձեռք բերելու համար Կառավարությունն այս տարի 2 մլրդ 784 մլն դրամի չափով ավելացրել է գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի համար հատկացված ֆինանսական միջոցները:
Արթուր Մովսիսյան - Էդ 2 մլրդ 780 մլն-ը գնում ա առյուծի բաժինը դրամաշնորհային մրցույթների, որտեղ ակտիվ աշխատող գիտական խմբերը կարող են իրենց թեմաները ներկայացնել և շահել, և 1 մլրդ-ի կարգի գումար էլ գնալու է ենթակառուցվածքների արդիականացման վրա:
Պետություն-գիտություն կապը պետք է հստակ լինի՝ իր դիրքորոշումն է հայտնում երիտասարդ ֆիզիկոսը: Նախևառաջ անհրաժեշտ է պարզել՝ ինչ է ուզում գիտությունը պետությունից և հակառակը:
Արթուր Մկրտչյան (Ա. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող) - Դու պիտի ստեղծես միջավայրը, որ գիտնականներդ ունենան գործ, դու պիտի վարձատրես գիտնականին և, այո՛, դու պիտի ապահովես տեխնոլոգիական լուծումները, այսինքն՝ լաբորատոր սարքեր կլինի, ռեմոնտած լաբորատորիա կլինի: Սովետական սարքերով մարդիկ գիտություն չեն անելու:
Կառավարությունը հստակ դիրքորոշում ունի: Եթե որևէ ինստիտուտի սարքավորում է անհրաժեշտ, որի հետազոտության արդյունքը կարևոր է նաև երկրի համար, պետությունը գումար կտրամադրի՝ անկախ դրա արժեքից: Եթե սարքը թանկ է, Հայաստանում էլ չկա, բայց ոլորտին անհրաժեշտ է, ձեռք կբերեն մեկը, կօգտվեն բոլորը: Իսկ աշխատավարձի ձևավորման վրա կազդի գիտական արդյունքը, որ հանկարծ չստացվի՝ աշխատողն ու չաշխատողը նույն չափ են վարձատրվում:
Արթուր Մովսիսյան - Տարիներով մեր մոտ բազային ֆինանսավորում են ստանում կազմակերպություններ կամ գիտական խմբեր՝ բուհերի գիտական սեկտորներում, որոնք կամ չեն զբաղվում գիտությամբ, կամ գիտությամբ զբաղվելու իմիտացիա են ստեղծել: Իրենք մեր ակտիվ աշխատող գիտաշխատողների մեջ չեն մտնում:
Այս պահին պետական ծրագրերում ընդգրկված և բազային ֆինանսավորում ստացող մոտ 4000 գիտաշխատող կա՝ վիճակագրությունն է ներկայացնում Արթուր Մովսիսյանը, նրանցից, նախնական հաշվարկներով, ակտիվ գիտությամբ է զբաղվում մոտ 1500 գիտնական: Գիտության պետական կոմիտեի փոխնախագահը վստահեցնում է՝ կառավարության այս քայլը ուղերձ է, որ գիտական ոլորտը պետության առաջնահերթություններից է, և Կառավարությունն ուշադրություն է դարձնում գիտությանը, որն էլ իր հերթին պետք է նոր թափով լծվի աշխատանքին:
Արփինե Փիլոյան (Ա. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտի գիտական քարտուղար) - Մենք պետք ա ձևակերպենք՝ ինչ ենք ուզում գիտությունից, ձևակերպենք հստակ ռազմավարությամբ, և գիտությունը էդ ռազմավարության մեջ պետք է ունենա իրա հստակ տեղը: Էս նշանակում ա, որ մենք պետք ա այնպիսի բան անենք, որ ինքնըստինքյան ցիկլիկ լինի գիտական ֆինանսավորումը, ու մենակ պետական ֆինանսավորման վրա չլինի էդ ամբողջ բեռը: Միարժեքորեն սա նշանակում ա ենթակառուցվածքների հզորացում:
Գիտության կոմիտեում պնդում են՝ բարեփոխումների ընթացքը տրված է, և աշխատավարձերի բարձրացումն իր դրական ազդեցությունն անպայման ունենալու է: Խնդիրները լուծվող են, կարևորն այն է, որ աշխատող գիտնականների թիվը աճի, և նրանք, արժանապատիվ գործ անելով, արժանապատիվ աշխատավարձ ստանան: