Մինչև 2030 թվականը՝ 600 միլիոն դոլարի ներդրում: Հայաստանում արտադրվող Էլեկտրաէներգիայի մոտ 15 տոկոս մասնաբաժին: Մեր երկրում արևային էներգետիկայի մինչև 2030 թվականի զարգացման ռազմավարությունն ունի խոստումնալից տեսք: Կես միլիարդ դոլարից ավելի ներդրումը և արևից ստացվող էներգիայի ծավալի զգալի ավելացումը հավակնոտ են, բայց իրատեսական: Ծրագիրը հիմնված է զարգացման ներկայիս ցուցանիշների և տարեկան գրանցվող հավելյալ աճի վրա:
Հայաստանը էլեկտրաէներգիայի արտադրության առումով ինքնաբավ երկիր է: էներգետիկ համակարգը բաղկացած է 4 հիմնական ճյուղից՝
ատոմային էներգիա.
ջերմային էներգիա.
հիդրոէներգիա.
արևային և հողմային էներգիա:
2020 թվականին այս չորս ճյուղերը համատեղ արտադրել են 2730 մեգավատտ էլեկտրաէներգիա:
Ատոմակայանի մասնաբաժինը մոտ 27 տոկոս է, ջերմաէլեկտրակայաններն արտադրել են 43 տոկոս, մեծ և փոքր ՀԵԿ-երը՝ 18 տոկոս, արևի և հողմի մասնաբաժինը մոտ 2 տոկոս է:
Ոլորտի զարգացման տեմպն արագացավ 2017 թվականից, երբ օրենսդրական կարգավորումները մասնավորին թույլ տվեցին արևային էներգիան որպես բիզնես դիտարկել:
Հայկ Շեկյան (փորձագետ, Shtigen ընկերության տնօրեն) - Մրցակցային միջավայրում ձևավորվեցին մի շարք ընկերություններ: Սկսեցին մրցել միմյանց հետ: Գների իջեցում տեղի ունեցավ: Առաջարկի ընդլայնում տեղի ունեցավ:
Արևային ֆոտովոլտային կայաններից գնվող էլեկտրաէներգիայի առաջին սակագինը տարիներ առաջ 42 դրամ է եղել: Գինն այնուհետև իջավ 22 դրամի, ինչը անհամեմատ բարձրացրեց արևային էներգիայի մրցակցային հնարավորությունները:
Կարեն Ասատրյան (Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն) - 2018 թ. Կառավարությունը որոշեց կառուցել ֆոտովոլտային կայան, հայտարարվեց մրցույթ, և այն ժամանակ սահմանվեց 4.19 ցենտ մեկ կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիայի դիմաց, որը ստացվում էր մոտավորապես 20 դրամ, որն ընդունելի թիվ էր մեզ համար: Անցյալ տարի «Այգ-1»-ի համար ինվեստորներն առաջարկություն արեցին 3.99 ցենտ սահմանել մեկ կիլովատտ/ժամի համար: Սակայն կառավարությունը որոշեց չհիմնվել առաջարկվող գնի վրա և իրականացնել մրցույթ, որպեսզի ունենանք երաշխավորված ավելի ցածր սակագին:
Արևային էներգիայի արժեքի նվազումը հանգեցրեց ֆոտովոլտային կայանների քանակի զգալի ավելացման: Դրանք կառուցվում են ոչ միայն արտադրած էլեկտրաէներգիան վաճառելու համար: Վերջին երկու տարիներին միջին և խոշոր բիզնեսը գերադասում է չվճարել էլեկտրաէներգիայի համար, այլ տեղադրել արևային վահանակներ: Վերականգնվող այս աղբյուրից օգտվում են հազարավոր մասնավոր և նույնիսկ պետական ընկերություններ:
Կարեն Ասատրյան - Վերջին երեք տարիների համար տեղադրվեցին 4600 ֆոտովոլտային կայաններ, որոնք արդեն իսկ իրենց ծավալով հասել են մոտավորապես 89 մեգավատտի: Դա բավականին մեծ թիվ է, և բավականին դինամիկ զարգանում է այս ոլորտը: Մեծամասնությունը կառուցվել է բիզնեսի կողմից, այսինքն՝ ընկերություններ, որոնք ունեն էլեկտրաէներգիայի մեծ սպառում:
Հենց այս դինամիկան է թույլ տվել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին մշակել նման հավակնոտ ծրագիր: Այժմ Հայաստանում գործում է օրենսդրական սահմանափակում՝ ֆոտովոլտային կայանների հզորությունը չի կարող գերազանցել 100 մեգավատտը: Փորձագետ Հայկ Շեկյանը ոչ միայն հավատում է ամբիցիոզ ծրագրի իրագործմանը, այլ նաև համոզված է՝ ոլորտը գերազանցելու է նպատակադրված ցուցանիշը:
Հայկ Շեկյան - Հաշվի առնելով ոլորտի զարգացումը, որոնք երկարաժամկետ կտրվածքով եթե դու նայում ես, տեխնոլոգիաներն ավելի մատչելի են դառնում, վերջին մի քանի տարին միջազգային կրիզիսներ տեղի ունեցան, ապա ոչ 15 տոկոսը, ոչ 20 տոկոսը առաստաղային շեմ չի: Արևային կամ վերականգնվող էներգետիկան կարող է ամբողջությամբ փոխարինել ավանդականին: Հարցը նրանում է, թե ի՛նչ տեխնոլոգիա դու կարող ես առաջարկել:
Հայաստանում արտադրվող արևային էլեկտրաէներգիայի ծավալը կարող է մեծանալ, եթե առաջատար տեխնոլոգիաներն ավելի արագ այստեղ հասնեն: Այժմ մասնագիտական շրջանակներում քննարկվում է էներգիայի կուտակիչների ներդրման հարցը, ինչը թույլ կտա վերացնել «առավել թույլատրելի հզորություն» հասկացությունը:
Հայաստանն ունի արևային էներգիայի լուրջ ներուժ: Փորձագետներն ընդգծում են՝ դա չի նշանակում, որ երկիրը պետք է հրաժարվի ատոմային էներգետիկայից, սակայն վերականգնվող մաքուր էներգետիկան այն ուղղությունն է, որով աշխարհն է գնում: