2012-ին կանխատեսում էին, որ 6 հազար ձայն կհավաքեմ, ընտրվեցի 12 հազար ձայնով, 2017-ին կանխատեսում էին, որ «Ելք» դաշինքը չի անցնի խորհրդարան, անցավ, 2018-ին կանխատեսում էին, որ ԼՀԿ-ն մանդատ չի ստանա, քանի որ չէր մասնակցել հեղափոխությանը, բայց ստացավ 18 մանդատ: Այդ մասին «Լուսավոր Հայաստան» կուսակցության 3-րդ համագումարի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով սոցիոլոգիական հարցումներին, ըստ որոնց՝ կուսակցությունը չի լինի նորընտիր խորհրդարանում:
Մարուքյանը վստահ է՝ ֆավորիտների մասին կարծիքները փողով են ձևավորվում, մինչդեռ, ըստ նրա, ժողովուրդը տեղամասերում կորոշի՝ ով է ֆավորիտը: «Որոշ ԶԼՄ-ներ արդեն մեկ տարի է ինձ համար փակ են պահում իրենց դռները, բայց համախմբման կոչ են անում: Այդ մարդիկ դեռ իշխանություն չունեն, մի թիվի ունեն ընդամենը, բայց փակել են ընդդիմության ներկայացուցիչներից մեկի համար եթերը, բա որ իշխանություն ունենան, ի՞նչ կանեն»,- ասաց նա:
ԼՀԿ նախագահը հայտնեց, որ ընտրական ցուցակի կազմումը թողել են համագումարից հետո, որպեսզի ցանկացած առողջ ուժ՝ ցանկության դեպքում, կարողանա գալ, միանալ, անդամագրվել: «Անակնկալն այն է լինելու, որ ոչ մի անակնկալ չի լինելու, ԼՀԿ-ն մնալու է նույնը՝ այն, ինչ կա: Ցուցակում կլինեն, իհարկե, նոր անուններ, մեր թիմին նոր մարդիկ են միացել, բայց նրանք հայտնի դեմքեր չեն, նախկին պաշտոնյաներ չեն»:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է միայնակ՝ առանց դաշինքի, վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է, կարգախոսը՝ «Կա՛ այլընտրանք, քվեարկի՛ր»: