Լիլիթ Գասպարյան - Հայ ռազմագերիների հարցը վերջապես լիագումար նիստի առաջնային հարցերի շարքում ընդգրկվեց, և ձեր հեղինակած բանաձևը քվեարկվեց։ Նախապես էլ 120 պատգամավորի հետ համատեղ նամակ էիք հղել Եվրահանձնաժողովին։ Ի՞նչ կփոխի կամ ի՞նչ կտա այս բանաձևը:
Անդրեյ Կովաչև (ԵԽ պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող) - Խորհրդարանից հնչեց հստակ պահանջ՝ անմիջապես, առանց նախապայմանի ազատ արձակել բոլոր ռազմագերիներին, քաղաքացիներին և բոլոր մարդկանց, ովքեր այս պահին պահվում են Ադրբեջանում: Մենք օբյեկտիվորեն նշել ենք, որ եթե Հայաստանում էլ կան պահվող անձինք, նրանք նույնպես պետք է ազատ արձակվեն: Սակայն այս պահին դրա վերաբերյալ ապացույցներ և ազդակներ չկան: Մենք պահանջում ենք, որ Ադրբեջանում գտնվող բոլոր ռազմագերիներն անհապաղ ազատ արձակվեն: Սա է բանաձևի հիմնական նպատակը: Կարող եմ որպես Հայաստանի հարցերով զեկուցող ասել, որ շուտով հրապարակվելու են Հայաստանի և Ադրբեջանի մասին զեկույցները: Հուսով եմ՝ դրանք կհրապարակվեն առաջիկա շաբաթների ընթացքում: Դրանից հետո, հուսով եմ՝ անդրադարձ կկատարենք նաև երկու երկրի միջև հակամարտության ընթացքում ծագած այլ խնդիրների:
Լիլիթ Գասպարյան - Ինչպե՞ս եք դուք պատկերացնում ԼՂ հիմնախնդրի կարգավորումը Ադրբեջանի կողմից օրեցօր ավելի խորացող հայատյացության պայմաններում, որի վառ օրինակն է, այսպես կոչված, ռազմավարի պուրակը:
Անդրեյ Կովաչև - Դա խորհրդարանում քննարկման հիմնական թեմաներից մեկն էր: Բանաձևում մենք կոչ ենք արել անհապաղ փակել բարոյական տեսանկյունից այդ զազրելի պուրակը: Այն չի կարող նպաստել հայերի և ադրբեջանցիների հաշտեցմանը: Հաշտեցման կարիք իսկապես կա: Ուզենք թե չուզենք, աշխարհագրությունն է այդպիսին: Դուք հարևան եք և պետք է ապրեք կողք կողքի: Նման ատելությունը, երիտասարդների մեջ իրենց հարևանի հանդեպ ատելություն սերմանող կրթությունը ներկա ապագա սերունդներին երբևէ լավ բան չեն տա: Այդ պատճառով էլ կոչ ենք անում հաշտվել, փակել այդ, այսպես կոչված, պուրակը, ինչպես նաև հորդորում ենք երկու երկրներին՝ իրենց կրթության համակարգից բացառել հարևանի հանդեպ ատելության քարոզը:
Լիլիթ Գասպարյան - Հայկական մշակութային ժառանգությունն աշխարհի աչքի առաջ ոչնչացվում է Ադրբեջանի կողմից։ Արդյոք ԵԽ-ն և ԵՄ-ն գիտակցո՞ւմ են հարցի խորությունը, եթե՝ այո, ապա ինչո՞ւ հայտարարություններից անդին ոչինչ չի արվում:
Անդրեյ Կովաչև - Մշակութային ժառանգության պաշտպանության հարցը նույնպես ընդգրկված է մեր բանաձևում: Դա այն հարցն է, որի ուղղությամբ պետք է համագործակցենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի, այլ միջազգային կազմակերպությունների հետ, որոնք կարող են պաշտպանել կամ օգնել պաշտպանելու մշակութային ժառանգությունը: Եվրամիությունը կարող է կիրառել միայն փափուկ ուժ: Մենք այս պահին չունենք միասնական զինված ուժեր: Մենք միայն կարող ենք կոչ անել, հորդորել, պահանջել: Իմ ելույթում նշեցի, որ եթե այս հարցով առաջընթաց տեղի չունենա, պետք է ձեռնարկենք այլ քայլեր: Այս պահին չեմ կարող ասել՝ դա կլինեն պատժամիջոցնե՞ր, մարդու իրավունքներին վերաբերող ա՞յլ գործողություններ, օրինակ՝ Մագնիտսկու ակտը: Բայց եթե ոչինչ չփոխվի, պետք է մտածենք այդ ուղղությամբ:
Լիլիթ Գասպարյան - Տեսեք՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասին եք խոսում, բայց անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագետները չեն կարողանում, օրինակ՝ մուտք գործել Շուշի: Նույնիսկ նրանք թույլտվություն ստանալու խնդիր ունեն:
Անդրեյ Կովաչև - Բոլոր կողմերից նաև պահանջում ենք թույլ տալ միջազգային կազմակերպություններին մուտք գործել այդ տարածքներ: Կապ չունի՝ այդ տարածքները հրադադարի հայտարարությունից հետո Ադրբեջանի՞, թե՞ հայկական կողմի վերահսկողության տակ են: Պետք է դեպի այդ տարածքներ ապահովված լինի մարդասիրական, մարդու իրավունքների պաշտպանության, վերահսկող կազմակերպությունների և լրատվամիջոցների անվտանգ մուտքը:
Լիլիթ Գասպարյան - Ադրբեջանը ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք, և միջազգային արձագանքների շարքում թերևս ամենահստակը ԱՄՆ-ի հայտարարությունն էր, որը սադրանք որակեց։ ԵՄ-ն շարունակում է երկկողմ հայտարարությունների տեսքով անատամ հայտարարություններ անել։ Ի՞նչն է խանգարում ԵՄ-ին գործել ավելի հստակ և ճիշտ հասցեագրված քայլերով:
Անդրեյ Կովաչև - Մեր բանաձևում հստակ անդրադարձ կա: Այն անորոշ չէ: Հստակ նշվում է, որ անընդունելի է այլ երկրի տարածք նույնիսկ ժամանակավոր ներխուժումը: Հիմնարար սկզբունքների համաձայն՝ պետք է հետևել տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման և ինքնորոշման սկզբունքներին: Ցավոք, անցած տարիների ընթացքում տեսանք, որ կողմերն այդ սկզբունքներն ընդունում են ընտրովի՝ միայն իրենց ձեռնտու մասով: Ամենակարևորն ուժ չկիրառելն է: Տեսանք, որ Ադրբեջանը կոպտորեն խախտեց այդ սկզբունքը:
Լիլիթ Գասպարյան - Այս շաբաթ ԵԽ-ի օրակարգում նաև Թուրքիայի մասին զեկույցն էր, և քննարկման կարևոր կետերից մեկն էլ այն էր, որ Էրդողանի կեցվածքը արդյունք է ԵՄ-ի կողմից մոտեցման։ Արդյոք նույնը Ադրբեջանի դեպքում չէ՞, նրանք կարողացան մտնել ՀՀ ինքնիշխան տարածք, քանի որ Արցախում իրենց գործողություններն անպատիժ մնացին:
Անդրեյ Կովաչև - Նույնիսկ մինչև անցած տարվա պատերազմը մենք ափսոսանք ենք հայտնել, որ Մինսկի խումբը տասնյակ տարիներ չի կարողացել հասնել փոխադարձ ընդունելի լուծման: Դա շատ է հիասթափեցնում: Ցավոք, այս պահին մենք այլ գործիք չունենք: Միակ միջազգային ընդունված ձևաչափը Մինսկի խմբի համանախագահությունն է: Մշտապես նրանց են հղում անում՝ նստել սեղանի շուրջ, գտնել փոխադարձ ընդունելի լուծում, որպեսզի չավելանան բռնությունները: Այդ ենթատեքստում քիչ առաջ անդրադարձա այդ պուրակին: Պետք է գտնել լուծում, որը չի ավելացնի բռնությունները, ինչն իր հերթին խանգարում է լուծում գտնելուն: Երկու կողմն էլ՝ ժողովուրդները, մարդիկ պետք է ապրեն խաղաղ: Նրանք ընտանիք կազմելու, երեխաներին կրթելու կարիք ունեն անվտանգ միջավայրում, այլ ոչ թե մի իրավիճակում, երբ ապագան անկանխատեսելի է, և հայտնի չէ, թե ինչ կկատարվի, եթե նոր պատերազմ սկսվի: Դա այն է, ինչի ուղղությամբ միջազգային հանրությունը պետք է ջանքեր գործադրի: Ցավոք, ես չեմ կարող առաջարկել որևէ կախարդական լուծում: Այդպիսին է միջազգային հանրության կարողությունը: Ցավոք, որոշ ուժեր, ուժի չկիրառման սկզբունքին հակառակ՝ կիրառում են այդ ուժը:
Լիլիթ Գասպարյան - Ինչպե՞ս եք դուք պատկերացնում հետագա համագործակցությունը խորհրդարանական ձևաչափով։ Եվ, առհասարակ, ԵՄ-Հայաստան հարաբերությունների հեռանկարը:
Անդրեյ Կովաչև - Մենք միշտ բաց ենք աջակցություն տրամադրելու, ներդրումների, հայ երիտասարդների ապագային ուղղված նախաձեռնությունների համար: Գործում են Եվրամիության կրթական ծրագրերը, ինչպիսին է «Էրասմուսը» և մյուսները, որոնք երիտասարդներին հնարավորություն են ընձեռում, որպեսզի մնան Հայաստանում, նպաստեն երկրի ավելի լավ ապագայի կերտմանը: Անշուշտ բաց ենք նաև Եվրամիության և Հայաստանի միջև առևտրի խթանման համար:
Աջակցում ենք Հայաստանին միջազգային հարթակներում: Նաև Ֆրանսիան՝ որպես ԵՄ անդամ, մասնակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին: Պատրաստ ենք նպաստել փոխադարձ ընդունելի լուծման ընդունման ջանքերի ավելացմանը: Նաև նախկինի պես կոչ ենք անում Թուրքիային նպաստել խաղաղությանը, եթե նրանք իսկապես ցանկանում են Եվրամիության հետ ձևավորել դրական օրակարգ: Նաև հիանալի օրինակ կլիներ, եթե Թուրքիան կարողանար նպաստել կողմերի համար ընդունելի լուծում գտնելուն: