Վերջին օրերին մեկը մյուսի հետևից Եվրոպական խորհրդարանն ընդունեց Թուրքիայի մասին բավականին կոշտ զեկույց ու բանաձև՝ գերիների վերադարձի պահանջ ուղղելով Ադրբեջանին:
Ընդ որում, եվրոպական առաջին փաստաթղթում խոսվում էր ոչ միայն ցեղասպանության ընդունման անհրաժեշտության, այլև Թուրքիայի՝ Արցախում ապակայունացնող դերի մասին, իսկ ԼՂ հակամարտության լուծման հարցում ընդգծվում էր ազգերի ինքնորոշման իրավունքը՝ հստակ շեշտելով՝ հակամարտությունը դեռ լուծված չէ: Ռազմագերիների վերադարձի վերաբերյալ հրատապ բանաձևում կառույցը քննադատում էր նաև Ադրբեջանի՝ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունը:
ԵԽ-ն հանդես եկավ միասնական դիրքորոշմամբ՝ մի կողմ թողնելով քաղաքական և աշխարհաքաղաքական հայացքները։ Ասում է Բելգիայում մեր երկրի դեսպան Աննա Աղաջանյանը։
Աննա Աղաջանյան (Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ) - ԵԽ-ն կարողացավ համախմբվել հումանիտար հարցի շուրջ և իրոք մի կողմն դնել քաղաքական, կուսակցական շահերը։ Հստակ է, որ այս բանաձևը, այն ներկայացնողը և բանավեճին մասնակից բոլորը ընդգծում էին հարցի հենց հումանիտար բնույթը։ Դա կքննարկվի հետո՝ մյուս բանաձևերի և զեկույցների ժամանակ։
Բելգիայում մեր երկրի դիվանագիտական առաքելության ղեկավարը բանաձևը կարևոր է համարում մի քանի տեսանկյունից։ Հատկապես հստակ նշվում է՝ ԼՂ հիմնահարցը դեռ կարգավորված չէ, իսկ բանաձևում արտացոլված պահանջների հասցեատերն Ադրբեջանն է։
Աննա Աղաջանյան - Բանաձևը հստակ ուղղված կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակելու բոլոր գերիներին, բոլոր գերեվարված անձաց։ Այդտեղ չի կանգնում, դատապարտում է «ռազմավարի պուրակն» ու պահանջում փակել։ Նաև ընդգծում է, որ անհրաժեշտ է հասնել ԼՂ-ի տևական և կայուն կարգավորմանը: Պետք է կարգավիճակը որոշվի, և խոսվում է ազգերի ինքնորոշման իրավունքի և հավասար իրավունքների մասին, և սրանք շատ կարևոր ազդակներ են ԵԽ-ի կողմից։
Հրատապ հարցի տեսքով ԵԽ լիագումար նիստում որևէ թեմա ընդգրկելը հեշտ չէ։ Քաղաքական խմբակցությունները շարժվում են ըստ իրենց առաջնահերթությունների։ Այս անգամ ռազմագերիների վերաբերյալ բանաձևը բոլորի հավանությանն արժանացավ հատկապես ամենամեծ երկու խմբակցությունների՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության և սոցիալ-դեմոկրատների շնորհիվ: Այդ խմբակցությունների անդամ եվրապատգամավորներից շատերը մի քանի ամիս սրտացավ աշխատանք են տարել ի նպաստ Հայաստանի։
Կոստաս Մավրիդես (Եվրախորհրդարանի պատգամավոր, Կիպրոս) - Ադրբեջանը չի կատարում իր իսկ ստանձնած պարտավորությունները ու ինչ-ինչ պատրվակներով չի վերադարձնում հայ ռազմագերիներին: Բազմաթիվ ապացույցներ կան, որ պահվող անձինք անմարդկային վերաբերմունքի են արժանանում։ Որպես Եվրախորհրդարան՝ մեր դիրքորոշումը միասնական է։ Ադրբեջանի իշխանություններից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և պահվող անձանց և դա անել առանց նախապայմանի։ Պահանջում ենք պահպանել կրոնական և հայկական մշակութային ժառանգությունն այն վայրերում, որոնք տուժել են վերջին զարգացումներից։ Որպես խմբակցություն՝ մենք՝ սոցիալ-դեմոկրատներս, պահանջել էինք ևս մի քանի կետ, որոնք, դժբախտաբար, այս անգամ տեղ չգտան բանաձևում։ Պահանջել էինք Ադրբեջանի դեմ պատժամիջոց կիրառել, հետ կանչել վիզայի վերաբերյալ պայմանագիրը:
Լուկաս Ֆուրլաս (Եվրախորհրդարանի պատգամավոր, Կիպրոս) - Որպես Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբակցություն՝ մեզ համար շատ կարևոր էր սատարել այս բանաձևին, քանի որ հարցն ամեն ինչից առաջ մարդասիրական է: Մենք պետք է կանգնենք հայ ժողովրդի կողքին։ Ճնշում պետք է գործադրել Ադրբեջանի վրա, և դա մեր պարտականությունն է ոչ միայն որպես եվրապատգամավոր, այլ նախ՝ որպես մարդ արարած։
Մեր երկրի դեսպանն ընդգծում է՝ դժվար և հետևողական աշխատանքի ներկա արդյունքը դիվանագիտական անձնակազմի արդյունավետ համագործակցությունն է:
Աննա Աղաջանյան - Դիվանագիտական ներկայացուցչություններն ու ԱԳՆ-ն, բնականաբար, գործում են որպես ընդհանուր մեկ ինստիտուտ, բայց կան նաև սատարող և համագործակցող մարմիններ, և էստեղ հատուկ պետք է նշեմ Բրյուսելում Հայ դատի գրասենյակի հետ կարևոր աշխատանքը և, հատկապես, այս բանաձևը վերջին մի քանի ամիսների առումով Հայաստանի ՄԻՊ-ի և նրա աշխատակազմի հետ արդյունավետ համագործակցությունը, որն իրոք շատ կարևոր էր այստեղ։
Աննա Աղաջանյանն անդրադարձավ նաև հայ գերիների վերաբերյալ բանաձևի ընդունումից մեկ օր առաջ հաստատված և Թուրքիային առնչվող՝ ԵԽ տարեկան զեկույցին: Այնտեղի կետերից մի քանիսը նույնպես մեզ համար կարևոր ձեռքբերում են։
Աննա Աղաջանյան - Թուրքիայի մասին զեկույցը երկրների վերաբերյալ ամենամյա զեկույցներից թերևս ամենաբարդն է։ Թուրքիայի հարցը, Թուրքիայի հետ համագործակցությունը բազմաշերտ է, կոմպլեքս և համապարփակ է։ Բազմաթիվ քաղաքական, աշխարհաքաղաքական, անձնական և տնտեսական շահեր կան, որոնք միահյուսվում են, ու զեկուցողի գործը դարձնում շատ բարդ։ Դա ամենաերկար զեկույց և բանաձևերից մեկն է, և ես գտնում եմ, որ այդ բարդությամբ բանաձևում մի քանի անդրադարձի ընդգրկումը, նաև ԼՂ-ի հարցում և մեր տարածաշրջանում Թուրքիայի դերի մասին խոսելը շատ կարևոր ազդակ է։
Դիվանագիտությունը համապարփակ աշխատանք է, և Աննա Աղաջանյանը հույս ունի, որ ԵՄ անդամ 27 երկիր ներկայացնող 607 պատգամավորների կոչը կնպաստի առանձին երկրներում ավելի լայնամասշտաբ աշխատանք տանելուն, իսկ Ադրբեջանն ի վերջո ականջ կդնի ԵԽ-ի կոչ-պահանջներին։