Տեղեկատվական անվտանգությունը մեր օրերում դարձել է ազգային ու պետական անվտանգության անբաժան մասը: Պատերազմի ու տարատեսակ ճգնաժամերի ընթացքում ճշտված ինֆորմացիա ստանալն անչափ կարևոր է: Ընտրությունների ժամանակահատվածն այս առումով բացառություն չէ, քարոզարշավից առաջ ագրեսիվ տեղեկատվական հոսքերը հաճախ շփոթեցնում են նույնիսկ մասնագետներին:
Սամվել Մարտիրոսյան (տեղեկատվական անվտանգության մասնագետ) - Յութուբում վիդեո են դնում, հետո դա կտրվում, դրվում է Տիկ-տոկ, հետո այդտեղից գնում է Տելեգրամ:
Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ տեղեկատվական հոսքերի բազմազանությունը դժվարացնում է մանիպուլյատիվ հնարքներից խուսափելը: Նախընտրական քարոզարշավի մեկնարկին ընդառաջ՝ սոցհարթակներում նկատելի գործընթացների ակտիվությունը, մասնագետի խոսքով, նախորդ տարիներից զգալիորեն տարբերվում է:
Սամվել Մարտիրոսյան - Տելեգրամ ալիքը հղում է անում մի Տելեգրամ ալիքին, հետո գնում է տեղեկատվական կայք պտտվում է: Եթե նախկինում մեզ մոտ, հիմնականում, ինչ-որ մի քանի ալիք էր, ամեն մեկն իր ձևով աշխատում էր, հիմա շատ ավելի դիվերսիֆիկացված է:
Մարտիրոսյանի խոսքով՝ այս ամենին զուգահեռ քիչ չեն դեպքերը, երբ սկզբնաղբյուրն անանուն կարող է լինել կամ, օրինակ, տելեգրամյան անհայտ ծագման էջ:
Սամվել Մարտիրոսյան - Այս պահին նույնիսկ աչքերիդ հարյուր տոկոս վստահել պետք չէ, այսինքն՝ պետք է մի քիչ սպասել մինչև համոզվես, որ այն, ինչ որ տեսել ես, դա ռեալ է: Օրինակ՝ հիմա է նկարվել կամ մոնտաժված չէ, իրենց ուզած ձևով չեն կտրել կամ անցյալ տարվա տեսանյութ չէ, հիմա է ներկայացվում:
Պետք է վստահելի մի քանի աղբյուր ունենալ, որ եթե նույնիսկ տեղեկությունը սխալ լինի, հերքումը չուշանա: Նախընտրական քարոզարշավից առաջ մասնագետները խորհուրդ են տալիս հատկապես ուշադիր լինել. չի բացառվում, որ, օրինակ, նախկին հավանած էջերից մի քանիսն անվանափոխվեն: Ֆեյսբուքում, օրինակ, էջի ձախ անկյունում կա թափանցիկության բաժին՝ page transparency, այստեղ բացելով՝ հնարավոր է տեսնել, թե, օրինակ, երբ է բացվել և արդյոք անվանափոխվել է:
Սամվել Մարտիրոսյան - Նախորդ՝ 2017-18-ի ընտրություններին, Ֆեյսբուքը դոմինանտ էր, հիմա Թվիթերում էլ մեծ համայնք կա, Տիկ-տոկում բավականին քաղաքականացված շարժում կա:
Դաշտը կարգավորման կարիք ունի, խոցելիության հնարավորությունը մեծ է: Հաշվի առնելով իրողությունները՝ գլխավոր դատախազությունը մշակել ու առաջարկում է նախագիծ, որով իրավական պատասխանատվություն կսահմանվի այդ թվում սոցիալական ցանցերում հրապարակային հայհոյանքի և վիրավորանքի համար: