Գործազրկության պատճառների վերլուծությունից մինչև ներուժի գնահատում: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երիտասարդների խնդիրներն ուսումնասիրելու և հստակ լուծումներ գտնելու համար 5 տարվա ռազմավարություն է մշակել:
Արթուր Մարտիրոսյան, ԿԳՄՍ նախարարի տեղակալ - Ռազմավարությամբ խնդիր ենք դրել ԿԳՄՍ նախարարին առընթեր ունենալ հատուկ երիտասարդական խումբ: Դա այլ է, քան հանրային խորհուրդը, որ մենք ունենք, որտեղ տարբեր ոլորտներ են ներկայացված:
Մարզերում կլինեն երիտասարդների հնարավորությունները զարգացնող կենտրոններ, նրանց նախաձեռնություններին փորձագիտական աջակցություն տրամադրող կառույցներ: Իրազեկման միջոցով կփորձեն լուծել գործազրկության հարցը:
Արթուր Մարտիրոսյան - Փորձելու ենք նրանց տալ փափուկ հմտություններ: Դա իրենց միանշանակ օգնելու է աշխատանքի ընդունման և այլ գործընթացներում: Մենք փորձելու ենք տարբեր ոլորտներում բարձրացնել իրենց գրագիտությունը:
Նախագծով փորձելու են ստեղծել միջոլորտային գործակցություն, ծրագրեր իրականացնել սահմանափակ հնարավորություններ ունեցողների համար: Երիտասարդական կազմակերպությունները մինչդեռ այս ամենը բավարար չեն համարում: Կարդացել են ռազմավարության նախագիծը, քննարկել հատուկ հրավիրված ֆորումի ընթացքում ու մի քանի օրում 100 առաջարկ են առանձնացրել: Պնդում են՝ վերջին իրողություններով պայմանավորված՝ նոր փոփոխություն պետք է նախաձեռնել:
Գրիգոր Երիցյան, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ նախագահ - Մի բան, որ նշվեց շատ երիտասարդների կողմից, այն է, որ հետպատերազմյան իրավիճակում սրվել են սոցիալական խնդիրները, այլ իրավիճակ է: Կարևոր է, որ ռազմավարությունը հաշվի առնի այն իրավիճակը, որում Հայաստանը հայտնվել է պատերազմից հետո՝ նաև հաշմանդամություն ունեցող երիտասարդներին ներգրավվելու առումով, սակավ հնարավորություններ ունեցող երիտասարդներին լրացուցիչ հնարավորություններ ընձեռելով:
Փոխնախարարը հակադարձում է՝ պետական ամբողջ քաղաքականությունը մեկ փաստաթղթով չեն կարող ամփոփել, բայց նպատակ են դրել երիտասարդներին պետության առաջարկած գործիքակազմերին ծանոթացնել. գործակցության միջոցով իրենք զարգանան և զարգացնեն երկիրը:
Արթուր Մարտիրոսյան - Այստեղ կա կրթության, զբաղվածության ոլորտների պետական քաղաքականություն: Մեր դերն է երիտասարդական ռազմավարության մեջ այդ ուղղորդումներն ապահովել, ոլորտային կապերն ապահովել: Երիտասարդների համար ապահովել ամեն ինչ, որ նրանք դառնան այդ ծրագրերի շահառու:
Նախագիծը կֆինանսովորվի պետական բյուջեի, միջազգային կազմակերպությունների միջոցով: Ծրագրի ընդհանուր բյուջեն 14 միլիոն դրամից ավելի է: Հասարակական կազմակերպության ղեկավարը պնդում է՝ երիտասարդները ցանկանում են այդ գումարով մարզերում տեսնել մշակութային, ժամանցային նոր կենտրոններ: Ընհանուր առմամբ՝ երիտասարդները հստակություն են ուզում:
Գրիգոր Երիցյան - Երիտասարդները մտահոգված են մասնակցության մեխանիզմների բացակայությամբ: Օրինակ՝ ռազմավարությունում խոսվում է աշակերտական և ուսանողական կառույցների ակտիվացման մասին, բայց շատ երիտասարդներ կարծում են, որ դրանք ֆորմալ կառույցներ են, որոնք իրական մասնակցություն չեն ապահովում:
Նախագիծը կքննարվի մինչև հունիսի 3-ը, ԿԳՄՍ-ն բաց է բոլոր առաջարկությունների և քննադատությունների համար: Մինչև հրապարակելը ևս գերատեսչությունն աշխատել է երիտասարդների հետ, հիմա ևս շարունակելու են: