Քիմիաթերապիային ու նրա հետևանքներին փոխարինելու են գալիս ավելի քիչ կողմնակի ազդեցություններով դեղորայքային միջոցներ: Դրանք արդեն կան, բայց առայժմ ոչ բոլոր ուռուցքային հիվանդությունների համար: Հայաստանում նույնպես սկսում են քաղցկեղի բուժման այս՝ այլընտրանքային մեխանիզմի կիրառումը:
Ուռուցքաբաններն ու դեղագործներն այսօր քննարկում էին, թե ինչ դեղորայքային միջոցներով ու ինչպես է ավելի ճիշտ բուժել աշխարհում ու Հայաստանում կանանց դեպքում ամենահաճախ հանդիպող քաղցկեղի տեսակը՝ կրծքագեղձի քաղցկեղը:
Հայկուհի Գեոկչյան (ՀՀ առողջապահության նախարարի՝ ուռուցքաբանության գծով խորհրդական) - Կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար այսօր շատ նորագույն դեղորայքային միջոցներ կան, կոչվում են թիրախային դեղամիջոցներ, որոնք անհամեմատ մեծացնում են կյանքի երկարատևությունը, ինչպես նաև ապահովում են կյանքի որակը:
Ինչպե՞ս նշանակել, ի՞նչ եղանակով և ո՞ր հիվանդներին. այս հարցերն էին այսօր քննարկում ուռուցքաբանները, դեղագետները, ոլորտի պատասխանատուները;
Հայկուհի Գեոկչյան - Այսինքն, որ դեպքում անցկացնել քիմիաթերապիա, որ դեպքում՝ հորմոնալ թերապիա, երբ մեկը մեկին զուգահեռ կամ հաջորդականությամբ անցկացնել:
Քաղցկեղի՝ ավելի արդյունավետ և անվտանգ բուժում ապահովող դեղամիջոցներն աշխարհում արդեն փորձարկվել և կիրառվում են, ֆիքսված են միջազգային ուղեցույցներում: Հայաստանում նույնպես մասնագետներն այս ճանապարհով են փորձում գնալ:
Կարեն Կարապետյան (Ուռուցքաբանության կոնֆերանսի կազմակերպիչ) - Ուռուցքային հիվանդություններն աշխարհում ունեն աճի միտում, այդ թում նաև կանանց մոտ: Ի դեպ, նշեմ, որ կանանց քաղցկեղը ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում առաջին հորիզոնականում է գտնվում, բայց դրան զուգահեռ՝ մյուս կողմից էլ հենց նորագույն մոտեցումներն են, որ այդ նույն կանանց տարիներով ապահովել որակյալ կյանք:
Մասնագետների բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ մոտ ապագայում որևէ հետազոտության կամ ուռուցքային հիվանդության բուժման համար Հայաստանի քաղաքացիներն արտերկիր չմեկնեն: