Հայաստանի ջերմոցներում ակտիվ բերքահավաք է։ Հավաքում են ու մտահոգվում՝ տեսնես շուկայում ի՞նչ գին կտան։ Օրվա ընթացքում լոլիկի գինը հաճախ է տատանվում։
Արմեն Սիմոնյան, ֆերմեր - Հիմնականում կախված է դրսից ներկրվող ապրանքներից։ Եթե դրսից ներկրում ունենք, ապրանքի գինը մեզ մոտ վաճառվում է ինքնարժեքից ցածր: Եթե ներկրում չունենք, ինքնարժեքից որոշակի՝ 5-10 տոկոս բարձր գնով։
Մեկ կիլոգրամ լոլիկը ջերմոցից վաճառում են միջինը 600 դրամով։ Ինչը, ֆերմերի խոսքով, ծայրը ծայրին ինքնարժեքն է փակում։ Փոքր ջերմոցները հիմնականում բավարարում են ներքին շուկայի պահանջարկը։ Մեծերի արտադրանքն արտահանվում է։ Վարունգի արտահանումը նվազել է: Ընդամենը 250 տոննա վարունգ է արտահանվել, ինչն էլ շուկայում բերքի լճացման պատճառ է դարձել։
Արմեն Սիմոնյան - Հենց հիմա ջերմատնային տնտեսություններից վարունգը վերցնում են 40 դրամով։ Դա արդեն լճացման հաշվին է։
Ջերմատնային բիզնեսը Հայաստանում պետք է զարգանա, այլընտրանք չկա՝ ասում է ջերմատնային ասոցիացիայի նախագահը։ Ջերմոցների արտադրանքը մրցունակ կլինի ներմուծման սեզոնային սահմանափակումների ու գազի սակագնի նվազման պայմաններում՝ վստահ է փորձագետը։ Հայաստան լոլիկ, վարունգ ներկրվում են միայն Իրանից։
Պողոս Գևորգյան, «Ջերմատնային ասոցիացիա» ՀԿ նախագահ - Ժամանակին գազն էժան էր, ապրանքներն ավելի թանկ էին վաճառում, քան այսօր։ Հիմա գազը թանկացավ, ապրանքներն սկսեցին անտեր ու կես ներմուծել։
Արդեն արտահանվել է ավելի քան 54 հազար տոննա պտուղ բանջարեղեն, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 21 հազար տոննայով ավելի։ Ներմուծումն արգելել չեն կարող՝ ասում է Էկոնոմիկայի նախարարության պատասխանատուն։ Թեև վերջին տարիներին, մասնավորապես, լոլիկի ներմուծումը կրճատել են։
Գևորգ Ղազարյան, ՀՀ էկոնոմիկայի նախարարության պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչության պետ - 2019 թվականին ներմուծվել է շուրջ 3,8 հազար տոննա լոլիկ: 2020 թվականին՝ 2,1 հազար տոննա: 2021 թվականին, այսօրվա դրությամբ, 1700 տոննա։
Ներմուծման շրջանն ավարտվում է՝ ասում է ոլորտի պատասխանատուն, բայց որպեսզի ամեն տարի փոքր ջերմատները խնդիրներ չունենան, ինքնարժեքի նվազեցման համար պետք է անցնեն նորագույն տեխնոլոգիաների։