Վերջին շրջանում Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների դինամիկան, դրանցում պարբերաբար տեղ գտնող բաղադրիչները հուշում են, որ Կրեմլի և մի կողմից՝ Բրյուսելի, մյուս կողմից՝ Վաշինգտոնի հետ հարաբերությունները կողմերը տեղափոխել են «խելամիտ անհանդուրժողականության» դաշտ, որտեղ փորձում են միմյանց վնասել՝ խուսափելով ուղիղ առճակատումից։ Դրա թերևս լավագույն օրինակը երեկ տվեց Վաշինգտոնը, որը, մի կողմից, պատժամիջոցներ սկսեց «Հյուսիսային հոսք-2» ծրագրի մի շարք ռուսաստանյան մասնակիցների վրա, մյուս կողմից հանեց այս նախագծի հիմնական օպերատորի՝ «Nord Stream 2 AG» գերմանական ընկերության նկատմամբ նախկինում մտցված սահմանափակումները։
Այս վերջին քայլը, որը գոհունակությամբ ընդունվեց Բեռլինում և Մոսկվայում, փորձագետները կապում են ոչ թե կամ ոչ այնքան Մոսկվայի հետ կառուցողական երկխոսություն սկսելու Վաշինգտոնի ցանկության հետ, որքան պայմանավորում են հանգամանքով, որ Բայդենի վարչակազմն այս կերպ փորձում է վերականգնել Եվրոպայի հետ գործընկերային երկխոսությունը, որն ընդհատվել էր Թրամփի նախագահության շրջանում։ Սրան զուգահեռ՝ Վաշինգտոնն այս կերպ փորձում է նաև որոշակի դրական մթնոլորտ ձևավորել G7-ի գագաթնաժողովում, որի մեկնարկը նախանշված է մայիսի 24-ին։ Ենթադրվում է, որ աշխարհի ուժեղագույն տնտեսություններ ունեցող պետությունների ղեկավարները հավաքի ընթացքում, բացի ընթացիկ խնդիրների քնննարկումից, փորձելու են որոշել, թե արդյոք կարո՞ղ են Ռուսաստանի նկատմամբ միասնական քաղաքականություն որդեգրել։ Այս համատեքստում հասկանալի է, որ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի և Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի՝ Ռեյկյավիկում կայացած հանդիպումը «գծերը ստուգելու» փորձ էր՝ հասկանալու համար, թե որքանո՞վ կոշտ կարող է լինել Վաշինգտոնի դիրքորոշումը Մոսկվայի հետ հարաբերություններում, և թե այս ուղղությամբ ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ ԱՄՆ-ը՝ արդեն եվրոպական գործընկերներից։
Այսուհանդերձ, հարկ է նշել, որ Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների կարգավորման խնդիրը ցանկացած պահի կարող է հայտնվել փակուղում, և դա մեծապես կախված է հանգամանքից, թե արևմտյան տերությունները Մոսկվայի հետ հարաբերություններում հատկապես ո՛ր խնդիրը կհամարեն անկյունաքարային։ Եթե որպես այդպիսին դիտարկվի Ուկրաինայի շուրջ ծավալվող գործընթացն ու Ղրիմի խնդիրը, ապա արդեն հիմա կարելի է ասել, որ հարաբերությունների բարելավման հեռանկար գոնե տեսանելի ապագայում չկա, քանի որ սա այն «կարմիր գիծն» է, որից ոչ միայն անցնելը, այլև անգամ դրան մոտենալը Կրեմլը հնարավոր չի համարում։ Սակայն խնդիրն այն է, որ եթե իրադարձությունները զարգանան այս սցենարով, ապա լրջագույն խնդիրներ կառաջանան արդեն այն ուղղություններով, որտեղ Ռուսաստանն ու Արևմուտքը մասամբ «լեզու են գտել»։ Խոսքը վերաբերում է գրեթե ամբողջ Մերձավորարևելյան տարածաշրջանին, Աֆղանստանին և Հարավային Կովկասին, որտեղ, ի դեպ, Արևմուտքը կրկին փորձում է ակտիվանալ՝ առաջ քաշելով թեզեր, որոնք եթե նույնիսկ չեն հակասում Ռուսաստանի ընթացիկ քաղաքականությանը, ապա առնվազն դրա հետ համահունչ չեն։