Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչև այժմ կուսակցություններից և դաշինքներից գրանցման համար որևէ փաստաթուղթ չի ստացել՝ «Լուրերին» փոխանցեց կառույցի մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը: Թեև վերջնաժամկետը մայիսի 26-ն է, այդուհանդերձ, ընտրություններին մասնակցելու հայտ ներկացրած ուժերի մեծ մասը հիմնականում հայտնել է ցուցակը գլխավորողի անունը:
Հունիսի 20-ին նշանակված արտահերթին մասնակցելու են Հայաստանի նախկին երեք ղեկավարները: Իշխող ուժը կմասնակցի առանց դաշինքի՝ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակը կգլխավորի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, թե ովքեր կլինեն հաջորդ հորիզոնականներում, դեռ չի հրապարակվում: Հստակ է միայն այն, որ կառավարող ուժն ընտրապայքարի մեջ կմտնի «Ապագա կա» կարգախոսով:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընտրապայքարի մեջ է «Հայաստան» դաշինքով: Ընտրություններում հաղթելու ձգտմամբ՝ պաշտոնաթող նախագահի ղեկավարած ուժը քարոզարշավը կանցկացնի «Դեպի ուժեղ Հայաստան» կարգախոսով: Ցուցակի երկրորդ հորիզոնականը կզբաղեցնի «Դաշնակցության» գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Թե ովքեր կլինեն ցուցակի հաջորդ հորիզոնականներում, հստակ տեղեկություն չկա:
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը կանխելու և Ռոբերտ Քոչարյանի հաղթանակը բացառելու նպատակով է մասնակցելու ընտրապայքարին: «Հայ ազգային կոնգրեսի» ցուցակը կղեկավարի հենց Տեր-Պետրոսյանը:
2018 թվականի արտահերթին ՀԱԿ-ը չի մասնակցել, իսկ 2017-ի հերթական ընտրությանը «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսով մասնակցած Կոնգրեսը խոսում էր Ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ երկրի զարգացման հեռանկարի մասին: Այս ընտրապայքարում ՀԱԿ-ի կարգախոսը դեռ հայտնի չէ:
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած «Հանրապետական» կուսակցությունն Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության հետ «Պատիվ ունեմ» դաշինքով քարոզարշավը կացկացնի «Ուղղիր մեջքդ, կպնենք գործին, որ ապրենք» կարգախոսով:
Ցուցակը կգլխավորի Արթուր Վանեցյանը, երկրորդ և երրորդ հորիզոնականները կզբաղեցնեն համապատասխանաբար Տարոն Մարգարյանը և Աննա Մկրտչյանը: Սերժ Սարգսյանն արդեն հայտարարել է՝ ցուցակում չի լինի և չի հավակնում որևէ պաշտոնի:
Վարչապետի պաշտոնի ակնկալիք ունի Գագիկ Ծառուկյանը: «Բարգավաճ Հայաստանի» ցուցակը հենց նա էլ կգլխավորի: Ծառուկյանին կհաջորդեն Միքայել Մելքումյանը և Իվետա Տոնոյանը: Կարգախոսը դեռ հայտի չէ:
«Լուսավոր Հայաստանն» ընտրապայքարում կառաջնորդի Էդմոն Մարուքյանը: Կուսակցությունն իրեն դիրքավորում է որպես նախկիններին և ներկաներին այլընտրանք, ընտրությանը մասնակցում՝ «Կա այլընտրանք, քվեարկիր» կարգախոսով:
«Հանրապետություն» կուսակցությունը կառաջնորդի Արամ Սարգսյանը: «Քաղաքացու որոշում» կուսակցության ընտրացուցակը կգլխավորի Սուրեն Սահակյանը, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը» կգլխավորի Արման Բաբաջանյանը: «Ազգային ժողովրդավարական բևեռը» ընտրապայքարի մեջ կմտնի Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ:
Այսքանով ընտրությանը մասնակցելու հայտ ներկայացրած ուժերի թիվը չի սահմանափակվում, բայց բոլոր հարցերի պատասխանները կտրվեն մայիսի 26-ին, երբ լրանա փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը: Այդ օրվանից մինչև մայիսի 31-ն էլ ԿՀԸ-ն կիրականացնի կուսակցությունների ու դաշինքների ցուցակների գրանցումը: