Երկու լեգենդար հայ, որ ծնվել են նույն օրը: Մայիսի 22-ը Հայաստանի ազգային հերոսներ՝ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի և լեգենդար Կոմանդոսի ծննդյան օրն է: Անգնահատելի են գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի ու Շառլ Ազնավուրի բացառիկ ծառայությունները հայրենիքի պաշտպանության և Հայաստանն աշխարհին ներկայացնելու ազգանվեր գործում:
«Ես նման եմ կաթով սուրճի, երբ կաթը սուրճից առանձնացնելն անհնար է: Ես հայ եմ, և ֆրանսիացի»: 100 տոկոսով ֆրանսիացի, 100 տոկոսով հայ շանսոնյեն խոստացել էր բեմում նշել իր 100-ամյակը, խոստումը չպահեց: 3 տարի է՝ Ազնավուրի ծննդյան օրն առանց նրա է նշվում: Շառլն այսօր կդառնար 97 տարեկան: 100-ից ավելի երգերի հեղինակը խաղացել է 60 ֆիլմում, վաճառել 180 միլիոն ձայնասկավառակ։ Նա ոչ միայն երգի, այլև գրի վարպետ էր:
Երևանում այսօր Շառլ էր հնչում: Ներկայացվեց շանսոնյեի «Մնա» երգը՝ նոր մոտեցմամբ, առաջին անգամ բացվեցին Ազնավուրի նովելների նոր գրքի էջերը: Երկուսն էլ հայերեն: «Հայրս՝ այդ հսկան» նովելների ժողովածուի թարգմանիչ Սամվել Գասպարյանն այն անվանում է գրականություն մուտք գործելու լուրջ հայտ:
Սամվել Գասպարյան, թարգմանիչ - Եթե երգիչ չդառնար, գրող դառնար, գրելով սկսեր, Մոպասանից ավելի լավ նովելիստ կդառնար:
16 պատմություն, դրամա՝ երջանիկ լինելու փիլիսոփայությամբ: Ծննդյան կապակցությամբ Ազնավուրի կիսանդրին բացվեց Ստեփանակերտում՝ Հայ-ֆրանսիական բարեկամության պուրակում: Կիսանդրու հեղինակը քանդակագործ Յուրի Հովհաննիսյանն է:
Ազնավուրը Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում, միջազգային այլ կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչն էր: Հայաստանն աշխարհին ներկայացնելու ազգանվեր գործում դրսևորած անմնացորդ նվիրումի, հայ ժողովրդին մատուցած բացառիկ ծառայությունների համար Շառլ Ազնավուրին շնորհվել է Հայաստանի ազգային հերոս կոչում:
Մայիսի 22-ը նաև Հայաստանի ազգային հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի ծննդյան օրն է: Հայաստանի զինված ուժերի գեներալ-մայորը, Արցախի հերոսը, 1992 թվականին Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարը կդառնար 82 տարեկան:
Կոմանդոսն ասում էր՝ յուրաքանչյուր հայի պարտքը, անկախ, թե ինչ դիրքորոշման է, իր հայրենիքը պաշտպանելն է: Նա Շուշիի ազատագրման ռազմական գործողությունների լեգենդար հրամանատարն էր:
«Ես կարող եմ ասել՝ ես եմ արել: Իմ բախտն այնքան է բերել, որ ես նման թիմ ունեի, իրենք էին որոշում: Մեր հրամանատարները, զինվորները բոլորը մի գաղափար ունեին: Չէին պատկերացնում, որ մենք կարող ենք Շուշին չգրավել»,- ասում էր Արկադի Տեր-Թադևոսյանը:
Կոմանդոսի մշակած «Հարսանիք լեռներում» օպերացիան համարվում է հայկական ռազմարվեստի գլուխգործոցներից մեկը:
«Շատ գրագետ են, 5-6 օր էի պլանավորել, բայց խենթերը մեկ օրում վերցրին, ես ի»նչ անեմ: Ինձ հարցրեցին՝ ինչպե՞ս Շուշին վերցրին, ասացի՝ տեղյակ չեմ»,- ասում էր նա:
Կոմանդոսը «Ոսկե Արծիվ», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր էր: