Համազգային հայ կրթական և մշակութային միությունը ներկայացնում է նորատիպ «Հնչող ձայներ» ժողովածուն՝ 44-օրյա պատերազմում զոհված 11 արձակագիրների և պոետների ստեղծագործություններով: Կոմիտաս Հակոբյան, Տիգրան Հարությունյան, Վարդան Ամալյան, Արտակ Բարսեղան, Շիրակ Գասպարյան, Ավետիք Կարճիկյան, Արեն Հովհաննիսյան, Հայասեր Հովսեփյան, Սուրեն Մելիքբեկյան, Շանթ Նավոյան և Վաչագան Մանուկյան՝ 11 տաղանդավոր տղաներ, որոնց ձայնն այսօր լսելի է իրենց ստեղծագործություններով:
1000 օրինակով տպագրված գիրքը տքնաջան աշխատանքի և տևական փնտրտուքի արդյունք է: Ժողովածուի կազմող Ռուզան Առաքելյանն ընդգծում է՝ արել են ամենը, որ ստեղծագործող տղաներից որևէ մեկը դուրս չմնա ժողովածուից. աշխատել են բուհերի հետ, օրագրերում և գրառումներում պահպանված գործերն էլ հիմնականում ընտանեկան արխիվներից են:
Ժողովածուի ստեղծագործություններն առավելապես ոչ հրապարակման համար գրված, առաջին հույզից ծնված գործեր են, որ դեռ պիտի մշակվեին ու լավ գրականություն դառնային, քանի որ բոլորն էր տաղանդի դրոշմն են կրում:
Հեղինակներից Վարդան Ամալյանը Եռաբլուրում ասել էր. «Հերոսները խոսում են, մենք չենք լսում»: Ինչպես Վարդանի, այնպես էլ տղաներից շատերի գործերում մահվան թափառող կանխազգացում կա:
«Հնչող ձայները» առաջինն է հիշատակի այն նախագծում, որը Համազգայինը կիրականացնի առաջիկայում՝ տարբեր ժողովածուներով ներկայացնելով հերոսաբար զոհված նկարիչներին, երաժիշտներին ու արտիստներին, նրանց, որ բոլոր ժամանակներում ազգային սերուցքն են ձևավորում: