Հայաստանի 3 համայնքում՝ Ստեփանավանում, Գոռավանում և Արենիում արդեն 1 տարի է՝ աղբահանությունն իրականացվում է ամբողջությամբ հաշվարկված, կառավարումը էլեկտրոնային համակարգով են անում: GIS-ի վրա հիմնված վեբ-ցանցային հավելվածը կարողանում է ապահովել աղբահանության ամենաօպտիմալ մոդելը: Հարթակը հստակ ուղի է մշակում, թե աղբատարը ե՞րբ, ո՞ր փողոց մտնի, որտեղ ինչքան աղբ կա, որքան է թաղամասի կամ համայնքի բնակչությունը, տնտեսվարող սուբյեկտների, հանգստյան տների թիվը: Այս ամենի համար անհրաժեշտ է պարզապես համայնքային տվյալները մուտքագրել համակարգ, մյուս հաշվարկներն անում է արհեստական բանականությունը՝ երաշխավորելով ծախսարդյունավետության բարձրացումը:
Նարինե Ավետյան (ՀՀ ՏԿԵՆ տարածքային ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության պետ) - Համայնքը կարող է ներմուծել տվյալները՝ ինչ տեսակի աղբաման է, ինչ տեսակի մեքենաներ կան՝ վառելիքի ծախսով, նույնիսկ աշխատողների համար ինչ ծախսեր կան՝ բանվորական, ամեն ինչով: Համակարգը թույլ է տալիս դնել սխեման, որն ամենաարդյունավետն է:
Փորձնական ծրագիրը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ են իրականացնում, 1-ամյա ծրագիրն օրերս ավարտվեց: Փորձը հաջողելու համար ուսումնասիրել են ամեն ինչ, անգամ պիլոտային համայնքների աղբավայրերի վիճակը և աղբի բաղադրությունը: Մասնագետները ծրագիրը հաջողված են համարում, նախնական արդյունքները տպավորիչ են:
Նարինե Ավետյան - Մեկ երրորդ անգամ խնայողությունը մենք տեսանք, դեռ նախնական, քանի որ վերջնական արդյունքները, որ համայնքը ցույց է տալիս՝ որքան վառելիք է ծախսում, քանի անգամ երթուղի է անում: Օրինակ՝ մենք ունենք համայնքներ, որ նույն երթուղով 4 անգամ անցնում էր, բայց անիմաստ, մենք էստեղ հաշվարկում ենք՝ ինչպես անի, կամ քանի վայրկյան կամ րոպե է տևելու աղբի վերաբեռնումը:
Առաջին փուլը հաղթահարված է, հիմա նախարարությունում քննարկում են մեթոդի ամբողջական կիրառման հնարավորությունն ու հեռանկարը: Կրկին կընտրեն մի քանի համայնք, որտեղ ծրագրի ընդլայնված տարբերակը կկիրառեն:
Երկրորդ փուլի մեկնարկը տալու համար նախարարությունում ոչ պաշտոնական վերջնաժամկետ են սահմանել՝ 2021-ի ավարտը, հավելում են՝ եթե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն: