Սեղանին դրված շինարարական նախագծերը կարող են չիրագործվել, եթե օրենսդրական խնդիրները չկարգավորվեն: Խոսքն այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքի մասին է, որով փոխվեց անշարժ գույքի շուկայում գնի հաշվարկի մեխանիզմը: Կադաստրային հաշվարկը փոխարինվեց մոտարկված հաշվարկով, ու կառուցապատողը, մեկի փոխարեն, հիմա երկու անգամ է հարկվում: Կառուցապատողներն առաջարկում են մեկ անգամ, գնման իրավունքի գրանցման օրը հարկվել:
Արմեն Սաքապետոյան («Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» խորհրդի անդամ) - Ստացվեց մի իրավիճակ, որ եթե իրականում կառուցապատողը բնակարանը վաճառել է 1 քմ 300.000 դրամով, ապա օրենքի փոփոխությունից հետո ստիպված էր հարկեր վճարել 400.000 կամ 500.000-ից:
Ստացվում է`պետությունը կառուցապատողից տան իրական արժեքից ավելի շատ հարկ է պահանջում: Կառուցապատող ընկերության տնօրենն ասում է՝ անշարժ գույքի առաջնային շուկան դարձել է անորոշ, ու ներդրողները չգիտեն՝ վարկով հարկե՞րը փակեն, թե՞ շինանյութ գնեն ու շենքը ժամանակին կառուցեն:
Վահե Պետրոսյան (կառուցապատող ընկերության տնօրեն) - Էդ երևույթը կառուցապատման ոլորտը դարձրել էր անկանխատեսելի և վտանգ ուներ բավական իրատեսական, որ կկանգներ, քաղաքաշինությունը կանգներ, ոչ մեկը ռիսկ չաներ շինարարություն սկսել, և դրան էր ուղղված առաջին հերթին էս օրենսդրական փոփոխությունը և կառուցապատողներիս մտահոգությունը:
Կառուցապատողների հայկական ասոցիացիան ոլորտի խնդիրներն ուսումնասիրել, շահագրգիռ գերատեսչություններին առաջարկություն է ներկայացրել: Մայիսի 20-ին Կառավարության նիստում հաստատվեց հարկային օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Այն համարվեց անհետաձգելի և ուղարկվեց խորհրդարան:
Ատոմ Ջանջուղազյան (ՀՀ ֆինանսների նախարար) - Արդեն հարկային հաշվետվությունը ներկայացնելիս պետք է 2-3 տարի հետո կոնկրետ իրացման համար որոշակի գին գնահատվեր, ինչը էդ ժամանակահատվածում որոշակի անորոշություններով պայմանավորված փոփոխություններ հանգեցներ շուկայի, հետևաբար ստիպված էր լինելու կառուցապատողն էդ անորոշությունը մտցնել գնի մեջ:
Նախագծով անորոշությունը դուրս կգա, կառուցապատողը ռիսկերն ավելի ճիշտ կգնահատի, բնակարան գնողն էլ ֆինանսական հավելյալ բեռ չի ստանձնի: Կառավարության այս մոտեցումը նաեւ կառուցապատողներն են ընդունում եւ ակնկալում, որ սպասվող օրենքը հետադարձ ուժ էլ կունենա:
Վահե Պետրոսյան - Սա էն փոփոխությունն ա, որն ունի ֆունդամենտալ մակրոտնտեսական նշանակություն: Էս օրենսդրական նախաձեռնությունը բերել ա ընդամենը խաղի կանոնների հստակեցման և ներդրողի ապագա պաշտպանվածության:
Կառուցապատողը ասում է՝ կախված վարչական շրջանից, կադաստրային ու մոտարկված շուկայական արժեքով հաշվարկված թվերը կարող են խիստ տարբերվել, ընդհուպ հասնել մինչև 40 տոկոս գնային տարբերության: Հենց սա էլ էականորեն կազդի առաջնային շուկայում բնակարանի գների վրա: Օրենքի նախագիծը Աժ-ում հաստատելու դեպքում նվազում կառուցապատողը չի խոստանում, փոխարենը գների բարձրացումն է բացառում:
Արմեն Սաքապետոյան - Նվազեցում տեղի չի ունենա և շուկայի կայունացում տեղի կունենա, այսինքն՝ կլինի որոշակիություն և կառուցապատողները, և գնորդները, և պետությունը կիմանան՝ որոնք են իրեն ակնկալիքները հարկային դաշտում: Օրենքը ձեռնտու էր բոլորին:
Կառուցապատող ընկերության տնօրենի խոսքով՝ այլ առևտրային ոլորտներում վաճառքի գների՝ մինչև 20 տոկոսի չափով իրական արժեքից շեղվելու հնարավորություն կա, մինչդեռ կառուցապատման ոլորտի համար չկա նման կարգավորում, նախագծով այս հարցն էլ կկարգավորվի:
Վահե Պետրոսյան - Ինչի՞, օրինակ, կառուցապատողը զրկված լինի, չէ՞ որ մեկը կարող է գա, մեկ հարկ առնի, էն մյուսն էլ՝ մի տուն, մի բան չպիտի՞ էդ առնողին զեղչ անես, որ խրախուսվի կամ գումարը միանգամից տա, ոչ թե 3 տարվա ընթացքում: Այսինքն՝ էս շեղման հնարավորությունից զրկվել էր, ու նաև ինչ-որ չափով հարկային փոփոխությունը նաև էդ հնարավորությունն էլ է տալիս կառուցապատողին՝ իրեն չառանձնացնելով մնացածից:
Մասնագետները վստահեցնում են՝ օրենսդրական հստակեցումներից հետո կառուցապատման ոլորտում այս պահին առկա անկման նշանները կվերանան: