Հայոց հոգևոր մայրաքաղաքում հնչեցին նորաստեղծ բերդաքաղաքի շեփորները: Դարպասից ներս մշակութային հրավառություն է՝ հարուստ գունապնակով ու մոնոներկայացումներով: Մաչանենց կենտրոնի հիմնադիրը տարիներ է ներդրել երազանքն իրականացնելու համար: 17 տարեկանում երազ էր տեսել, թե բերդաքաղաք է կառուցում, ավելի քան 3 տասնամյակ անց այն դարձավ իրականություն:
Սա հայ մշակույթի հավաքական օրրանն է, որտեղ երկրորդ կյանք է տրվելու կորսվող, մոռացության մատնվող հոգևոր ու նյութական արժեքներին: Այստեղ կանոնները ոչ թե սահմանափակելու, այլ ազատություն են տալու արարչական մտքին:
Վահրամ Դումանյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - Այստեղ ամեն շտրիխն ունի բովանդակություն, որը հեղինակը հաճույքով ներկայացնում է: Այստեղ պատահական ոչինչ չկա, ամեն ինչի մեջ խոր իմաստ կա՝ պատմություն, ներկա, ապագա:
Այստեղ մարդիկ կրթվում են, դաստիարակվում, հաղորդվում մեր անցյալին և լուսավոր ապագայի հույսով շարունակում ապրել: Բերդաքաղաքն ունի իր կառավարությունը, դրոշը, օրհներգը, միայն ներսում շրջանառվող դրամը և անձնագիրը: Առաջին անձնագրերը ստացան Մաչանենց կենտրոնի վաղեմի բարեկամներն ու արտասահմանում բնակվող հայ և այլազգի մշակութային գործիչներ:
Կորնել Իոնեսկու (ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան) - Մի բառով ասած՝ սա վերածնունդ է: Նման է փյունիկ թռչունին, որ մոխիրներից վեր է հառնում: Ես շատ բան կկորցնեի, եթե չգայի ու չտեսնեի հոգևոր ու մշակութային այս խառնարանը: Առիթից օգտվելով կասեմ՝ հայեր, ես ձեզ սիրում եմ:
Գրիգոր Մաչանենց-Բաբախանյան (Մաչանենց մշակութային կենտրոնի հիմնադիր-տնօրեն) - Սա կարող է դառնալ խթան, որ մշակույթի նկատմամբ վերաբերմունք փոխվի, որ մշակույթը համարվի ազգի օրգանիզմը սնող կենարար շիվը: Եթե չկա մշակույթ, չկա ազգային տեսակդ: Էդ դեպքում՝ ո՞վ ես դու, ո՞ր Աստծուն ես աղոթում, ո՞ր մշակույթի համար ես կռիվ տալիս:
Բերդաքաղաքում աշխատանք են գտել Էջմիածնի և հարակից համայնքների շնորհալի երիտասարդներ: Դերասանից մինչև զբոսավար, տիկնիկավարից մինչև IT ոլորտի մասնագետ ջանում են, որ հյուրերը հեռանան անմոռանալի տպավորությունով:
Արտեմ Հարությունյան (բանաստեղծ, գրականագետ) - Ջահելներին դեպի ուսում ու աշխատանք մղելու հրաշալի կենտրոն է դառնում, ահագին ջահելություն է աշխատում այստեղ: Սա մեծ երևույթ է՝ նյութականացված, հրաշալի առարկաներով:
Մշակութային բերդաքաղաքը նոր հասցե է զբոսաշրջային քարտեզում: Ճիշտ է՝ Մաչանանց կենտրոնը վաղուց արդեն տուրիստների սիրելի վայրն է դարձել, բայց բերդաքաղաքի հիմնադիրները նաև ա՛յս մոդելով կփորձեն աճ ապահովել տնտեսության մեջ: Նրանք պատրաստ են աջակցել այլ մարզերում նման կենտրոններ հիմնել ցանկացողներին: Իսկ մինչ այդ առաջին ու միակ բերդաքաղաքի հիմնադիրը հայ մշակույթի զարգացման ու հանրայնացման գործում ավանդի համար պարգևատրվում է ոսկե մեդալով: