Մայիսի 22-ին աշխարհը նշում է Կենսաբազմազանության միջազգային օրը: 2000 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մայիսի 22-ը հռչակել է որպես կենսաբազմազանության միջազգային օր։
Հայաստանի ֆլորայի և ֆաունայի հիմնական կենսատիպերի աշխարհագրական տեղաբաշխումը պայմանավորված է վերընթաց գոտիականությամբ ու տարածքի տոպոգրաֆիական բազմազանությամբ, որի շնորհիվ յուրաքանչյուր գոտու կենսաբազմազանությունը բնորոշվում է իր տեսակային կազմով, որակական ու քանակական ցուցանիշներով, հետևաբար, և իր մասնագիտացված դերով:
Հայաստանում ձևավորված 10 լանդշաֆտակլիմայական գոտիներին բնորոշ պայմանները նպաստել են բուսական ու կենդանական տեսակների բնակության միջավայրերի մեծ բազմազանության առաջացմանը, որի արդյունքում առկա են ինքնատիպ համակեցություններ, էնդեմիզմի բարձր մակարդակ և հարուստ ագրոկենսաբազմազանություն:
Կենսաբազմազանության պահպանությունը Հայաստանում հիմնականում իրականացվում է ԲՀՊՏ-ներում, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 387 054 հա կամ ՀՀ ընդհանուր տարածքի 13.1 տոկոսը, այնտեղ կենտրոնացված է ֆլորայի և ֆաունայի տեսակային կազմի 60-70 %-ը, այդ թվում՝ հազվագյուտ, կրիտիկական վիճակում գտնվող, վտանգված և էնդեմիկ տեսակների ճնշող մեծամասնությունը: