Սև լճի մոտակայքում երկու օր առաջ ադրբեջանցիների սադրած ծեծկռտուքի պատճառով տուժած մեր զինծառայողներն ապաքինվում են: Հայ զինծառայողների առողջական վիճակն այժմ բավարար է: Արդեն կան նաև հոսպիտալից դուրս գրվածներ: Սահմանապահ տղաներից ոչ մեկը ծանր վնասվածք չունի՝ «Լուրերին» այսօր վստահեցրել է ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ, գնդապետ Տիգրան Ավետիսյանը:
Նշենք՝ մայիսի 20-ին միջադեպ էր տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահների միջև, ինչի հետևանքով վեճի մասնակից երկու կողմում էլ կային վնասվածք ստացածներ:
«Տարբեր մարմնական վնասվածք ստացած 11 զինծառողից 7-ը դեռ շարունակում են բուժումը ռազմաբժշկական հաստատություններում, գտնվում են մշտական բուժհսկողության ներքո, և իրականացվում են ամբողջ սպեկտրով հետազոտություններ: Մնացած 4-ը գտնվում են ամբուլատոր հսկողության տակ: Զինծառայողների վնասվածքները հիմնականում թեթև էին, միայն մեկ դեպք համեմատաբար միջին ծանրության էր, որն ուղեգրվել է կենտրոնական կլինիկական հոսպիտալ և ստացիոնար բուժման մեջ է գտվում: Գանգուղեղային վնասվածք, հրազենային վնասվածք չի եղել»,- ասել է ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պատասխանատուն: