«Դաշտադեմի ամրոցն» է՝ միջնաբերդով, Խանի պալատով, ջրամբարներով, եկեղեցիներով, ստորերկրյա գաղտնուղիներով ու միջնաբերդը շրջապատող երկու պարիսպով: Տարածքի շինությունները 7-19 դարերի են թվագրվում: Պահպանված կառույցները վկայում են` «Դաշտադեմի ամրոցը» քաղաքական-վարչական կենտրոն լինելուց բացի եղել է նաև Հայաստանի պաշտպանական կարևոր վայրերից մեկը:
Հուշարձանի պահապան Արման Հովհաննիսյանն ամսվա մեջ առավելագույնը 4 անգամ է հասցնում այստեղ լինել: Բերդի տարածքում միակ արտասովոր բանը, որ հաճախ նկատում է, գյուղի անասուններն են:
Հարցն առաջիկայում կփորձեն լուծել: «Դաշտադեմ ամրոցն» ու «Մայրաքաղաք Դվինը» Կառավարության որոշմամբ համալրել են 13 արգելոց-թանգարանների շարքը:
Հուշարձաններին արգելոցի կարգավիճակ տալը մշակութային կոթողների պահպանության լավագույն տարբերակն է՝ վստահեցնում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը: Աշխատելու են նման կարգավիճակ ունեցող կառույցների թիվն առաջիկայում ավելացնել:
Արա Թարվերդյան, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն - Արգելոցի պարագայում կա ֆիքսված անձնակազմ, և դա վերացնում է արգելոցի պահպանման ռիսկերի մեծ մասը: Եթե հուշարջանի պարագայում հուշարձանի պահապանն ամսվա ընթացքում 3-4 անգամ կարող է գտնվել տարածքում, արգելոցի դեպքում ֆիքսված անձնակազմը լինում է տեղում:
Կփորձեն նաև զբոսաշրջիկների հոսքը մեծացնել: Բայց ենթակառուցվածքների զարգացման առումով, օրինակ, տարածքում սանհանգույց կամ տոմսի վաճառքի կրպակ տեղակայելու համար Թարվերդյանն այստեղ մի մեծ խնդիր է տեսնում:
Արա Թարվերդյան - Մեզ տրված է Միջնաբերդի մի փոքր հատվածը: Պիտի մտնեմ դատարաններ, հասկանամ, թե ինչպես հետ բերենք ՊՈԱԿ-ին:
Հուշարձանի տարածքում խնդիրն ահա այս շինություններն են առաջացրել: 1915-18 թվականներին այստեղ Մուշից ու Ալաշկերտից աքսորված 20 ընտանիք է հաստատվել: Ոմանք այստեղ են բնակվել մինչև 2015 թվականը: Անգամ բերդի պարիսպների վրա երկհարկանի շինություններ էին կառուցել:
Հուշարձանի տարածքում բնակվող վերջին 8 ընտանիքն այստեղից դուրս է եկել 2000-ականներին: Տարածքից դուրս գալու համար պետությունը բնակիչներին փոխհատուցել է: Նախարարությունում պնդում են՝ թեպետ ամրոցից դուրս են եկել, բայց բերդի տարածքում սեփականության իրավունքով հողեր ունեն:
Աստղիկ Մարաբյան, ՀՀ ԿԳՄՍՆ Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ - Պարիսպներից ներս սեփականության հետ կապված հարցեր կան, արգելոց-թանգարանն ստեղծվել է պետական սեփականություն հանդիսացող տարածքի վրա: Տեսլականում տարածքի ընդլայնումն է:
Առաջիկա ծրագրերում է նաև հանրապետությունում զբոսաշրջային երթուղիների ընդլայնումը, դեռ հարյուրավոր չբացահայտված պատմական կոթողներ կան: Դրանք հանրահռչակելու համար նախարարությունն ու զբոսաշրջային կոմիտեն այժմ քննարկումների փուլում են:
Աստղիկ Մարաբյան - Ամենակարևորը՝ ենթակառուցվածքների զարգացումն է արգելոց-թանգարաններում:
Հուշարձանների մի մասը զբոսաշրջիկների աչքից հեռու է, քանի որ շատերը դժվարամատչելի տեղում են, երբեմն էլ ճանապարհները բարեկարգ չեն: Այնտեղ հասնելը բարդ գործ է:
Անահիտ Ոսկանյան, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի զբոսաշրջային արդյունքի զարգացման խորհրդական - Տուրօպերատորները ներառում են այնպիսի տեղեր, որտեղ ճանապարհները բարեկարգ են, նույնիսկ Սանահինը չեն ներառում, քանի որ Հաղպատի հետ համամատ՝ բարեկարգ չէ, առաջնորդվում են նման ձևով: Պատմամշակութային արժեքներն օգտագործում ենք, բայց բոլորը լիարժեք չեն կարող ընդգրկված լինել տուր-փաթեթների մեջ:
Հուշարձանների ու արգելոցների ենթակառուցվածքների բարեկարգումը նախարարությունում մասնավորի հետ գործակցությամբ են տեսնում: Նման օրինակներ կան. ինչպես «Դաշտադեմի», այնպես էլ «Մայրաքաղաք Դվինի» դեպքում: Պնդում են՝ հուշարձաններին արգելոցի կարգավիճակ տալը դրանք հանրահռչակելու, ենթակառուցվածքները զարգացնելու առաջին քայլն է: