Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 97-ամյակին Ֆրանսիայի մայրաքաղաքում՝ Փարիզում՝ Լատինական թաղամասի Օդեոնի հրապարակում՝ Մսյո լը Պղենս փողոցին կից հանդիսավոր կերպով բացվել է նրա կիսանդրին: Նշված փողոցի շենքերից մեկում ապրում էին Ցեղասպանությունից փրկված ու Ֆրանսիայում ապաստան գտած Ազնավուրյանները: Հեղինակը հայ քանդակագործ Ալիս Մելիքյանն է:
Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, պաշտոնյաներ և համայնքային գործիչներ։
Միջոցառմանը ներկա են եղել նաև Շառլ Ազնավուրի քույրը՝ Աիդա Ազնավուրը, ինչպես նաև որդին՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը՝ կնոջ հետ:
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն:
«Հայրս իր համեստ բնավորության և տաղանդի շնորհիվ դարձել է ֆրանսիական երգի և մշակույթի խորհրդանիշն ամբողջ աշխարհում: Այսօր մենք ուրախ ենք մասնակցել նրա կիսանդրու բացման արարողությանը Փարիզի Մսյո լը Պղենս փողոցին հարող այս հրապարակում: Որպես «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել տիկին Իդալգոյին, պարոն Լըկոքին և Փարիզի քաղաքապետարանին՝ աջակցության և այս միջոցառումը կազմակերպելու համար:
Երբ հայրս առաջին անգամ այցելեց Հայաստան, քանդակագործ Ալիս Մելիքյանը նրան նվիրեց այս կիսանդրին: Տարիներ շարունակ այն խնամքով պահվել է մեր տանը, բայց այսուհետ այն պատկանում է բոլոր փարիզցիներին և քաղաքի հյուրերին: Հուսով ենք՝ այս կերպ կօգնենք պահպանել հավաքական հիշողությունը և նրա մշակութային ժառանգությունը», - իր ելույթում նշել է Նիկոլա Ազնավուրը:
«Շառլ Ազնավուրն ու Փարիզն իրար հավերժ սիրահարված են. սա, իրապես, մեծ սիրո շատ սիրուն պատմություն է։ Եվ մայրաքաղաքի հանդեպ իր սերը նա նշանավորել է անմոռանալի երգերով՝ «Սիրում եմ Փարիզը՝ մայիսին», «Ես տեսա Փարիզը», «Փարիզցի մանչը» և, իհարկե, «Բոհեմը»...Բազմաթիվ այլ գործեր էլ, որոնք նրա հիացմունքն ու սերն են արտացոլում Փարիզի հանդեպ... Ակնհայտ է, որ քաղաքի հանդեպ նրա այս սերը փոխադարձ է։
Սիրելի՛ բարեկամներ, սա կարևոր օր է, և ինձ համար մեծ երջանկություն է ներկա գտնվել Շառլ Ազնավուրի կիսանդրու բացման արարողությանը։ Ամեն անգամ մեծ հուզմունքով ենք հավաքվում՝ հարգանքի տուրք մատուցելու մեծ արտիստին»,- իր ելույթում նշել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։
Ավելի վաղ
հայտնել էինք՝ Շառլ Ազնավուրի կիսանդրին կտեղադրվի Փարիզում:
Կիսանդրու բացման հանդիսավոր արարողության տեսանյութը՝ ստորև: