Գեղարքունիքի մարզում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության բնապահպանական ծրագրերի՝ Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» ծրագրի, ինչպես նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ԳՄՀԸ կողմից համատեղ իրականացվող «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակում կայացել է «Պատասխանատու եմ Սևանի համար» խորագրով բացօթյա միջոցառումը և համատեղ շրջայցը:
Միջոցառման ընթացքում հյուրերը սկզբում ժամանել են Արծվանիստ գետի տարածք, ծանոթացել «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումներին, մասնակցել ընթացիկ մաքրման աշխատանքներին համայնքի անդամների հետ միասին: Կենցաղային աղբի թափոններից ամբողջովին մաքրվել է Արծվանիստ գետի՝ Սևանա լիճ թափվող հատվածը։ Մասնակիցներն այնուհետև ուղևորվել են դեպի Վարդենիկ համայնք, որտեղ էլ հնարավորություն են ունեցել ծանոթանալու «Սևանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» (EU4Sevan) ծրագրի «Կաղամբի նոր տեսակների մշակումը Գեղարքունիքի մարզում» ենթածրագրի շահառուներին։
«Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակում մայիսի 3-11-ը տնկվել է ուռենու 135.990 կտրոն՝ Մասրիկ և Կարճաղբյուր գետերի ափամերձ տարածքներում` Մեծ Մասրիկ, Ախպրաձոր և Վարդենիս համայնքների վարչական շրջաններում։ Նշված համայնքներից աշխատանքներին մասնակցել են 63 բնակիչ: Մայիս ամսվա ընթացքում Սևանա լիճ թափվող մի շարք գետերի ափամերձ տարածքներում կտնկվի շուրջ 600.000 ուռենի: Կմաքրվեն Սևանա լիճ թափվող մի շարք գետերի ափամերձ տարածքներ: Գարնան և ամռան աշխատանքներին կմասնակցեն Գեղարքունիքի մարզից շուրջ 500 բնակիչ: «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագիրը տրամադրում է ժամանակավոր աշխատանք և աշխատանքի դիմաց եկամուտ այն մարդկանց, ովքեր տուժել են համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքներից՝ նպաստելով Սևանա լճի և Սևանա լիճ թափվող գետերի էկոհամակարգերի վերականգնմանը: