Մայիսի 20-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության «Սոցիալական ապահովության ներդրումային ընկերության»/ՇԱՍԹԱ գործադիր տնօրեն Մոհամմադ Ռեզվանիֆարի գլխավորած պատվիրակությանը։ ՇԱՍԹԱ ընկերությունը ներառում է իրանական տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող հոլդինգներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են իրանական ընկերության կողմից Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումներ իրականացնելու հեռանկարները։
Ընդգծելով, որ երկու երկրների միջև ձևավորված են բարեկամական և ամուր առևտրատնտեսական հարաբերություններ, կողմերը համոզմունք են հայտնել, որ հայ-իրանական փոխգործակցության շրջանակն առաջիկայում կշարունակի զարգանալ և ընդլայնվել, հատկապես որ դրա համար առկա է չօգտագործված մեծ ներուժ։
Վահան Քերոբյանը և Մոհամմադ Ռեզվանիֆարը երկուստեք կարևորվել են փոխադարձ այցելությունների կազմակերպումը, տեղեկատվության փոխանակման անհրաժեշտությունը, ինչպես նաև համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացումը։
Նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել՝ իր իրավասությունների շրջանակում հնարավորինս աջակցել տնտեսության ոլորտում իրանական ընկերության կողմից ներդրումային ծրագրերի իրականացմանը։
Մոհամմադ Ռեզվանիֆարը շնորհակալություն է հայտնել նախարարի պաշտոնակատարին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ այն եռանդն ու հետաքրքրվածությունը, որ կա երկու կողմերից, վստահաբար կնպաստի արդյունավետ համագործակցությանը։
Պատվիրակությունը Հայաստանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի հրավերով։