Արտաքին գործերի նախարարի հրաժարականի մասին շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը, հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում:
Նա անդրադարձել է երեկ մամուլում տարածված փաստաթղթին՝ հաստատելով, որ դա այն է, ինչ կողմերը քննարկում են:
«Երեկ ընդդիմությունը տարածել է տարածվող փաստաթղթի ամբողջական տարբերակը, որը, հաստատում եմ՝ հենց այդ տարբերակն է, և այն երեկ հաստատվել է նաև վարչապետի պաշտոնակատարի կողմից: Նաև հաստատվել է, որ դրան ոչ մի կից փաստաթուղթ չկա, ոչ մի գաղտնի կետ չկա, և, կարծում եմ՝ բոլորդ տեսել եք այդ աշխատանքային տարբերակը, որում ոչ մի խոսք չկա որևէ տարածքի զիջման վերաբերյալ:
Ուզում եմ ևս մեկ անգամ կրկնել, որպեսզի հստակ լինի՝ հայկական կողմն ասել է, որ այս փաստաթղթի քննարկումը կարող է տեղի ունենալ միայն ադրբեջանական զորամիավորումների՝ ելման դիրքեր վերադառնալու դեպքում»,- նշեց Ռուբինյանը:
Լրագրողների դիտարկմանը, թե գյուղերի վերադարձի մասին գրառում էր կատարել Միքայել Մինասյանը՝ ասելով, թե կա բանավոր պայմանավորվածություն դրա վերաբերյալ, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց՝ սուտ էր գրել:
Պատգամավորը հերքեց, որ կա տարածքների վերադարձի մասին որևէ բանավոր պայմանավորվածություն: