Իշխանությունը կտրականապես հերքում է լուրերը, որ Տավուշի և Արարատի մարզերի մի քանի գյուղ հանձնվելու է Ադրբեջանին: «Իմ քայլից» Ռուբեն Ռուբինյանը պնդում է՝ այդ մասին որևէ պայմանավորվածություն չկա, և դա պարզ երևում է նաև երեկ հրապարակված աշխատանքային փաստաթղթից: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը շեշտում է՝ քննարկվող փաստաթղթի ամբողջ բովանդակությունը հրապարակված է, այն չունի գաղտնի հավելված:
Համաձայն երեկ հրապարակված աշխատանքային փաստաթղթի՝ Ռուսաստանի առաջարկությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերով հանձնաժողով կստեղծվի: Հայկական կողմը, սակայն, հայտարարում է՝ փաստաթղթի քննարկումը տեղի կունենա միայն այն դեպքում, երբ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները լքեն Հայաստանի ինքնիշխան տարածքը:
Առաջարկ է ստացվել Ռուսաստանի Դաշնությունից ստեղծել եռակողմ հանձնաժողով դելիմիտացիայի, դեմարկացիայի վերաբերյալ, ոչ թե անել դեմարկացիա կամ դելիմիտացիա հիմա կամ վաղը, կամ մեկ ամսից, այլ՝ ստեղծել նման հանձնաժողով, և մենք, ի պատասխան այս հարցի, մեր հստակ դիրքորոշումն ենք արտահայտել առ այն, որ սա կարող է տեղի ունենալ միայն ադրբեջանական զորամիավորումների՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից դուրս գալու և ելման դիրքեր վերադառնալու դեպքում:
Հնարավո՞ր է դեմարկացիայի և դելիմիտացյաի փուլում քննարկվի Հայաստանի և Ադրբեջանի տարածքներում անկլավների փոխանակման հարց: Ռուբինյանը պարզաբանում է՝ այդ հարցերը քննարկման առարկա կդառնան, թե չէ՝ պարզ կդառնա հետագայում:
Եթե փաստաթուղթը ստորագրվի, և ստեղծվի հանձնաժողով, ապա խոսքը վերաբերելու է միայն Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դեմարկացիային և դելիմիտացիային: Ռուբինյանի պնդմամբ՝ գործընթացը որևէ կերպ չի առնչվելու Արցախի սահմաններին և կարգավիճակին:
Ռուբեն Ռուբինյանը հերքում է նաև մամուլում երեկվանից շրջանառվող լուրերը, թե Արա Այվազյանը չի ղեկավարելու արտաքին գործերի նախարարությունը: