27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի այն անձինք, որոնք խուսափել են պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, երեկվանից արդեն կարող են օգտվել հայտարարված համաներումից: Դրա համար անհրաժեշտ է, որ հետախուզման մեջ գտնվող քաղաքացին մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը վերադառնա Հայաստան, ներկայանա վարույթն իրականացնող մարմին: Պետք է հաշվի առնել, որ նույն պահին, ըստ կարգավորման, քաղաքացուն ձերբակալում են, բայց կարճ ժամանակով՝ վստահեցնում են արդարադատության նախարարությունում:
Արմեն Հովհաննիսյան (արդարադատության նախարարի տեղակալ) - Վարույթն իրականացնող մարմինը պետք է խափանման միջոցը վերացնի, եթե համաներման պահանջները կիրառելի են, ապա անձը կազատվի քրեական պատասխանատվությունից և կհայտնվի ազատության մեջ:
Գործընթացն ամբողջությամբ եռամսյա ժամկետում է իրականացվելու, սակայն այդ ընթացքում քաղաքացին ազատության մեջ կլինի, քանի որ խափանման միջոցը փոխելու հարցը շատ ավելի կարճ ժամանակում են քննարկելու: Ըստ նախնական հաշվարկի՝ օրենքից օգտվելու հնարավորություն կունենա 5433 քաղաքացի, եթե իհարկե բոլորը համապատասխանեն համաներման մասին օրենքով նախատեսված պահանջներին, փոխնախարարը սահմանափակումներից է խոսում:
Համաներման մասին օրենքը մշակելիս արդարադատության նախարարությունը այն քննարկել է իրավապահ համակարգի բոլոր օղակների հետ: Նախարարի տեղակալի պնդմամբ՝ ամեն ինչ արել են, որ վերադարձողի համար հավելյալ խնդիրներ չստեղծեն:
Արմեն Հովհաննիսյան - Եթե անհրաժեշտություն առաջացավ օրենքի կիրառման հետ, կրկին մենք պատրաստ ենք բոլոր մարմինների հետ քննարկել, եթե հարցեր առաջացան պարզաբանել, և բոլոր մարմինների հետ պատրաստ ենք համագործակցել ցանկացած հարցի առնչությամբ:
Համաներման մասին օրենքի կիրառմամբ գործադիրը մտադիր է հնարավորինս մեղմել հետպատերազմյան հետևանքները և քաղաքացիների վերադարձով ապահովել տնտեսական, սոցիալական և մշակութային կյանքի զարգացումը: Պետությունը միայն 7 ամսով է դռները բացել զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափած քաղաքացիների առջև, նախարարությունից հորդորում են ժամկետների նկատմամբ ուշադիր լինել: