Իսրայելի և Գազայի հատվածի մինջև ձեռք բերված հրադադարից հետո այսօր Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթում ուրբաթօրյա աղոթքից հետո դարձյալ ընդհարումներ են եղել իսրայելցի ոստիկանների և պաղեստինցիների միջև, հայտնում է РИА Новости-ն: Տաճարի լեռան վրա պաղեստինցիները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, ուժայիններին էլ հրամայվել է կարգ ու կանոն հաստատել տարածքում: Միաժամանակ անկարգություններին չմասնակցած քաղաքացիներին հնարավորություն է տրվել հեռանալ մզկիթից:
Իրավապահները արցունքաբեր գազ ու լուսաձայնային նռնակներ են կիրառել կարգազանցների նկատմամբ, 15 պաղեստինցի վիրավորվել է:
ՀԱՄԱՍ-ն էլ հայտարարել է, որ հրադադարը կպահպանի այնքան, քանի դեռ Իսրայելը այն չի խախտել: Հակամարտող կողմերի միջև հրադադարն ընդունվեց կեսգիշերին Եգիպտոսի միջնորդության շնորհիվ, և այն ողջունեցին առաջատար պետությունների ղեկավարներ, նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: