Միասնական քննությունների համար այս տարի հանրապետությունում կձևավորվի 36 քննական կենտրոն, 13-ը՝ Երևանում, 23-ը՝ մարզերում, ևս 5-ը՝ Արցախում: Դիմորդների ընդունելությունը կմեկնարկի հունիսի 8-ին՝ կենսաբանություն, աշխարհագրություն, համաշխարհային պատմություն առարկաների քննությամբ: Այս տարի քննական կենտրոններում կգործի 2-3 քննասենյակ:
Կարո Նասիբյան (ՀՀ ԿԳՄՍՆ ԳԹԿ փոխտնօրեն) - Հիմնականում 60, 40 և 20 հոգանոց քննասենյակներ են, որպեսզի հեռավորությունը պահպանվի, ու քննությունը հաջող անցնի:
Մեկ ամիս քննական եռուզեռի մեջ կլինի 11.486 դիմորդ: Գնահատման և թեստավորման կենտրոնը հենց այդքան հայտ է ստացել: Քննությունները կանցկացվեն «Մեկ բուհ, մեկ մասնագիտություն» սկզբունքով: Այս տարի մրցույթում փոփոխություն է արվել՝ հանվել է առաջին հայտի գերակայությունը:
Կարո Նասիբյան - Եթե առաջին հայտով դիմորդը դուրս էր մնում, բայց գրել էր մասնագիտություններ, որտեղ թափուր տեղ չկար, ընդհանրապես դուրս էր մնում: Հիմա հայտերը հանել ենք, առաջին մրցույթի ավարտից հետո թափուր տեղերը հրապարակելու ենք, և դիմորդը կարող է իր դրական գնահատականով մասնակցել թափուր տեղերի մրցույթին՝ նշելով 6 բուհ կամ մասնագիտություն:
Դրական միավորներով մրցույթից դուրս մնացած ուսանողների համար ԳԹԿ-ն կհրապարակի թափուր տեղեր ունեցող մասնագիտությունների ցանկը: Իսկ այս տարի պահանջված մասնագիտություններում փոփոխություններ կան: Դիմորդներն առավել նախընտրել են Երևանի պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» մասնագիտությունը, երկրորդ տեղում ԵՊՀ-ի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկան» է, դրան հաջորդում են ԵՊՀ-ի «Իրավագիտությունն» ու Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսներ» մասնագիտությունները: Պահանջված հնգյակում ավելացել է նաև Բրյուսովի անվան պետական համալսարանի «Սերվիս» մասնագիտությունը:
Մ. Հերացու անվան ԵՊԲՀ, «Բուժական գործ»՝ 591,
ԵՊՀ, «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա»՝ 337,
ԵՊՀ, «Իրավագիտություն»՝ 304,
ԵՊՏՀ, «Ֆինանսներ»՝ 245,
Բրյուսովի անվան պետական համալսարան, «Սերվիս»՝ 245
Միասնական քննությունները կավարտվեն հունիսի 25-ին՝ քիմիա և ռուսաց լեզու առարկաների քննությամբ: Բանավոր քննություններն էլ կանցկացվեն հունիսի 26-ից հուլիսի 8-ն ընկած ժամանակահատվածում։