ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Վիկտոր Ենգիբարյանի և Լիլիթ Ստեփանյանի ներկայացրած՝ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:
Նշենք, որ մայիսի 19-ին նախագիծը քննարկվել էր գլխադասային՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում, որտեղ նախագծի քվեարկությունը հետաձգվել էր՝ ԿԳՄՍ նախարարության առաջարկները քննարկելու նպատակով:
Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է շինարարական, գյուղատնտեսական կամ այլ աշխատանքներ իրականացնելիս, եթե վտանգ է սպառնում այդ վայրում գտնվող հուշարձանների պահպանությանն ու անվթարությանը, և եթե տվյալ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականում բացակայում է տեղեկություն հուշարձանների պահպանման գոտու տարածքի կամ պետական գրանցման օբյեկտ հուշարձան լինելու վերաբերյալ, ապա լիազոր մարմինը պարտավոր է համաձայնություն ձեռք բերել աշխատանքներ իրականացնող անձի հետ հետևյալ հարցերի շուրջ՝
1. տեղափոխել հուշարձանը, եթե հնարավոր է.
2. ձեռք բերել վերջինիս պատկանող հողը, ինչպես նաև փոխհատուցել պատճառված վնասը.
3. իրականացնել հետախուզություն, պեղումներ, վերականգնման կամ այլ աշխատանքներ.
4. ապահովել հուշարձանների պահպանությունն ու անվթարությունը:
Ընդ որում, ըստ պատգամավորի՝ մինչև լիազոր մարմնի կողմից ներկայացված առաջարկության վերաբերյալ համաձայնություն տալը, աշխատանքներն իրականացնող անձը պարտավոր է կասեցնել աշխատանքները:
ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը հիշեցրեց, որ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում արդեն նշվել է, որ այս նախագծի հետ կապված չլուծված հարցեր կան, և Կառավարությունն այս հարցում չկառավարվող և հավանական ռիսկեր է տեսնում, որոնք, ըստ նրա, կարող են ի վնաս հուշարձանների պահպանության լինել:
«Նախագծով առաջարկվող մեխանիզմները կատարելագործման և հստակեցման կարիք ունեն: Կադաստրում բոլոր հուշարձանների սահմանափակումները և պահպանման գոտիները գրանցված չեն, 9000-ից այս պահին գծված են միայն 150-ը, և նախագծի ընդունմամբ հնարավոր է անթույլատրելի զիջումների գնալ: Այդ բազան ամբողջացնելու համար անհրաժեշտ են ֆինանսական և մարդկային ռեսուրսներ»,- ասաց Վանյանը:
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի խոսքով՝ տնտեսական հանձնաժողովը գլխադասային չէ և կարող է միայն խորհրդատվական կարծիք հայտնել, սակայն կարևորում է նախագիծը: Նա նշեց, որ անհրաժեշտ է խնդիրը լուծել մինչև 7-րդ գումարման ԱԺ-ի աշխատանքների ավարտը: Թունյանն առաջարկեց մինչև նախագծի՝ լիագումար նիստերի օրակարգ մտնելը մասնակցել առաջարկների քննարկմանը՝ չեզոքացնելու հնարավոր ռիսկերը: