Գազայի առավոտն այսօր խաղաղ էր: Երեկ գիշերը կնքվեց երկար սպասված հրադադարն Իսրայելի հետ, որին հաջորդեց պաղեստինցիների տոնախմբությունը:
- Քաղցր դառնություն է, երբ գիտես, որ հակամարտությունը կավարտվի: Ցավոք, զգում եմ, որ շատ ժամանակ չունենք հաջորդ էսկալացիային պատրաստվելու համար, և վստահ չեմ, որ էական փոփոխություն կլինի: Այնպես որ, շատ դրական տրամադրված չեմ:
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև հրադադարն ուժի մեջ է մտել գիշերը՝ ժամը 2-ին:
Այն ձեռք է բերվել 11 օր տևած ռազմական գործողություններից հետո: Սրանք կադրեր են հրադադարից րոպեներ առաջ տեղի ունեցած վերջին պայթյունից: Գնդակոծությունները շարունակվեցին մինչև վերջին րոպեն:
Այդուհանդերձ, աշխարհը ողջունում է հրադադարի հաստատումը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Գազան անվանում էր դժոխք՝ երկրի վրա:
Անտոնիո Գուտերեշ (ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար) - Երախտապարտ եմ Եգիպտոսին և Կատարին ներդրած ջանքերի համար, որ իրականացվեցին ՄԱԿ-ի հետ համակարգելով: Կոչ եմ անում կողմերին պահել հրադադարը: Դիմում եմ միջազգային հանրությանը, որ օգնի պաղեստինցիներին վերականգնելու ավերվածը:
Կոչին արձագանքեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, խոստացավ օգնել Գազայի հատվածի ժողովրդին: Համաշխարհային առաջնորդներն իրենց գոհունակությունը հայտնեցին Թվիթերում: 11-օրյա ռմբակոծությունների հետևանքով Պաղեստինում զոհվեց 260 մարդ, 12 զոհ կա Իսրայելում: Վերջին 7 տարվա ընթացքում սրանք իսրայելա-պաղեստինյան ամենալուրջ բախումներն էին։