ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ադրբեջանցիների կողմից ՀՀ սահմանները խախտելու դեպքերի ժամանակագրությանը:
«Մայիսի 12-ին ադրբեջանական զորամիավորումները ներս են մտել ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններից, որից հետո մենք մեր հստակ դիրքորոշումն ենք հայտնել առ այն, որ նրանք պիտի վերադառնան իրենց ելման դիրքեր՝ առանց նախապայմանների: Եվ տեղի է ունեցել գործընթաց, մենք գործարկել ենք բոլոր մեխանիզմները, որոնք Հայաստանին հասու են, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում, Հայ-ռուսական երկկողմ պայմանագրի շրջանակներում և այլն:
Այդ ընթացքում նաև առաջարկ է ստացվել ՌԴ-ից՝ ստեղծել եռակողմ հանձնաժողով դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ: Ուշադրություն՝ ոչ թե անել դելիմիտացիա կամ դեմարկացիա հիմա կամ վաղը, կամ մեկ ամսից, այլ ստեղծել նման հանձնաժողով»,- նշեց պատգամավորը՝ հիշեցնելով, որ հայ-վրացական սահմանները դեմարկացնելու համար 20 տարուց ավելի գործում է համատեղ հանձնաժողով:
Ռուբինյանը հիշեցրեց, որ առաջարկին ի պատասխան՝ ՀՀ իշխանությունները հստակ նշել են, որ դա կարող է տեղի ունենալ միայն ադրբեջանական զորամիավորումների՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս գալու և ելման դիրքեր վերադառնալու դեպքում:
Լրագրողների դիտարկմանը, թե Հադրութի, Շուշիի և հայկական մյուս տարածքների հարցը ինչպես է լուծվելու, Ռուբինյանն ընդգծեց՝ եթե այս փաստաթուղթը ստորագրվի, և նման հանձնաժողով ստեղծվի, խոսքը լինելու է ՀՀ և Ադրբեջանի սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի և ոչ Ադրբեջանի ու Արցախի Հանրապետության սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին:
«Այսինքն՝ այս գործընթացը կամ այս հանձնաժողովը որևէ կապ չի ունենալու Արցախի սահմանների և կարգավիճակի հետ: Այս գործընթացը, այսինքն՝ այս առաջարկը կապ չունի Արցախի սահմանների կամ Արցախի կարգավիճակի հետ»,- նշեց պատգամավորը:
«Լուրերի» հարցին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է՝ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Ղարաբաղը, Ռուբինյանը պատասխանեց՝ նոր է ծանոթացել այդ հայտարարությանը:
«Այդպես չի կարող լինել: Արցախյան հակամարտությունը լուծված չէ, նոյեմբերի 9-ի հայտարարությունը խաղաղության պայմանագիր չի եղել, նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ որևէ հղում չի եղել Արցախի այս կամ այն կարգավիճակին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ բոլոր երկրները ֆիքսել են իրենց դիրքորոշումն առ այն, որ Արցախի կարգավիճակի որոշման հարցը մնում է բաց, հետևաբար, իր հայտարարածը տեղի չի կարող ունենալ: Կարող է և պետք է տեղի ունենա հետևյալը՝ ադրբեջանական զորամիավորումները պետք է լքեն ՀՀ ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված սահմանները, և միջազգային մեր գործընկերների դիրքորոշումը ևս այս առումով նույնական է մեր դիրքորոշմանը և աներկբա է»,- ասաց Ռուբինյանը:
Ինչ վերաբերում է Խորհրդային Հայաստանին պատկանող՝ ներկայումս Ադրբեջանի տարածքում գտնվող տարածքներին, Ռուբինյանը ասաց, որ դեմարկացիան և դելիմիտացիան պետությունների միջև սահմանների ճշգրտումներն են, և հնարավոր են տարբեր իրավիճակներ:
«Դրանք շատ երկար գործընթացներ են, ընդ որում՝ առաջարկվող նախագծով, որը տարածվել է համացանցում, կողմերը ֆիքսում են, որ այս գործընթացը պետք է տեղի ունենա բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով»,- հավելեց պատգամավորը:
Ճշտող հարցին՝ հնարավո՞ր է՝ որոշ գյուղեր անցնեն Ադրբեջանի վերահսկողության ներքո և հակառակը, պատգամավորը պատասխանեց, որ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Խորհրդային Հայաստանն ունեցել է անկլավ՝ շրջապատված Ադրբեջանի կողմից և հակառակը:
«Այս հարցերը կարող են դառնալ քննարկման թեմա հետագայում՝ այդ դելիմիտացիայի շրջանակում, կարող են չդառնալ, բայց կարևոր է տարբերակել՝ պետք չի ստանալ տպավորություն, որ եթե մեր պայմանները բավարարվեն, և այդ հանձնաժողովն ստեղծվի, դա նշանակելու է, որ տեղի ունեցավ դելիմիտացիա և դեմարկացիա: Դա ընդամենը նշանակելու է, որ տեղի ունեցավ հանձնաժողովի ստեղծում և վերջ»,- հավելեց Ռուբինյանը: