ՀՀ առողջապահության նախարարության կողմից Կապանի բժշկական կենտրոնին հատկացված ամենագնաց շտապօգնության մեքենաներն այսօր տեղ հասան։ Դրանք ձեռք են բերվել պետական միջոցներով․ մեկը կտրամադրվի ԲԿ-ի հիվանդանոցին, մյուսը՝ պոլիկլինիկային։
Սյունիքի մարզպետարանից հայտնում են, որ մեքենաները ռեանոմոբիլներ են ու հագեցած են առաջին օգնության համար անհրաժեշտ սարքավորումներով:
Դրանք կօգնեն բարելավելու բարձրլեռնային գոտիների բնակչության սպասարկման որակը, քանի որ կարող են հաղթահարել բարդ ճանապարհները։
Նման մեքենաների հատկացման պետական ծրագիրը շարունակական կլինի նաև մարզի մյուս համայնքների շտապօգնության ծառայությունների համար։