Շուտով Վանաձորի Բազում, Դիմաց թաղամասերի և հարակից տարածքների ու Լեռնապատ համայնքի 5000-ից ավելի բնակիչ շուրջօրյա ջրամատակարարում կունենա: Երկու համայնքում կատարվում է 3 մլն 523 հազար եվրոյի ներդրում: Աշխատանքներն ընթանում են մեծ թափով:
Վահրամ Ղարսայան (Լոռու մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ) - Այս ծավալի աշխատանքներ վերջին տարիներին չենք ունեցել: Սա շարունակական պրոցես է: Հուսանք, որ կհասնի այն օրը, երբ ամբողջ մարզն ապահովված կլինի 24-ժամյա ջրամատակարարմամբ, բայց որ մեծ քաղաքներում, հիմնականում մեծ խնդիր ունեցող բնակավայրերը կապահովվեն ջրամատակարարումով, միանշանակ է:
Մարզում ընդհանուր աշխատանքների իրականացման համար ներդրվում է 6 մլն 963 հազար եվրո՝ Կառավարության, KFW բանկի և Եվրոպական միության կողմից: Համայնքային ենթակառուցվածքների ծրագիրը համակարգում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը:
Կարեն Անտոնյան («Դորոժնիկ» ընկերության Վանաձոր տեղամասի ծրագրերի ղեկավարի տեղակալ) - Աշխատանքներն իրականացնում ենք մեծ ուժերով, որպեսզի ծրագրից հետ չմնանք: Այս պահին մոտավորապես 5 կմ-ի կարգի ջրագիծ է արդեն կառուցվել՝ 4780 մետր ու, համապատասխանաբար, հողային աշխատանքներ, դիտահորերի տեղադրում:
Եթե նախկինում ջրաչափը տեղադրելու, ջրաչափական հորը կառուցելու համար բնակիչը գումար էր ծախսում իր գրպանից, այս ծրագրով աշխատանքներն անելու է կապալառու ընկերությունը. նախատեսվում է շուրջ 1300 ջրաչափական հորերի կառուցում:
Կարեն Անտոնյան - Աշխատանքներն ամբողջությամբ կատարելու է կապալառուն. սահմանազատման կետում տեղադրվելու են պոլիմեր ավազային դիտահորեր՝ իր սարքավորումներով, ներքին սարքավորումներով: Միացումը դիտահորից հետո գոյություն ունեցող գծին նույնպես տալու է կապալառուն:
Վանաձորում նախատեսվում է մոտ 14 կմ ջրատար խողովակաշարի մոնտաժում, ընդունիչների, շուրջ 23 կմ բաշխիչ ցանցի կառուցում և մոտ 10 կմ ջրագծերի տնային միացումների մոնտաժում, իսկ Լեռնապատում ջրամբարը սնող գիծն արդեն իսկ վերանորոգվել է, մյուս աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս համայնքներում ծրագիրը հաջողությամբ ավարտեն, աշխատանքները կմեկնարկեն նաև Լոռու մարզի ևս 8 համայնքում: