Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը, որով Ադրբեջանին պարտադրվում է առանց որևէ նախապայմանի ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, աննախադեպ է իր հասցեական ձևակերպումներով. արձանագրում է Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
Արման Եղոյան, ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ - Բալանսավորված մոտեցում այստեղ չկա, շատ հասցեական է այս բանաձևը։ Անդրադառնում է գրեթե բոլոր հարցերին, որոնք մենք բարձրաձայնել ենք մեր Եվրախորհրդարանական գործընկերների առաջ:
Բանաձևում անդրադարձ կա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Եվրոպական խորհրդարանը շեշտում է ազգերի ինքնորոշման հավասար իրավունքի սկզբունքի կարևորությունը։ Պատգամավորն այս հանգամանքը կարևոր է համարում՝ հաշվի առնելով հատկապես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն պնդումները, թե հակամարտությունն արդեն լուծված է։
Արման Եղոյան - Միջազգային հանրությունը, Մինսկի խումբը, հիմա էլ Եվրախորհրդարանը համաձայն չեն այս ձևակերպման հետ։ Միջազգային հանրությունն ասում է, որ՝ ոչ, հարցը լուծված չէ։ Եվ պատահական չեն նման ձևակերպումները:
Քաղաքագետ Աննա Չիչյանն ընդունված բանաձևում գերիների վերաբերյալ հատվածն է առանձնացնում, ընդգծելով՝ Եվրոպական խորհրդարանի մի շարք անդամներ բազմիցս բարձրաձայնել են խնդիրը, մինչև օրս ընդունված բոլոր փաստաթղթերում գերիների վերադարձի անհրաժեշտությունը հատուկ ընդգծվել է։
Աննա Չիչյան, քաղաքագետ - Փաստացի, ԵՄ բարձր ամբիոնից դատապարտվում է Ադրբեջանի նման պահվածքը: Հենց ռազմագերիների հարցով նշվում է, որ Ադրբեջանը խախտում է միջազգային իրավունքները, միջազգային կոնվենցիաները և կոչ է անում անհապաղ և առանց նախապայմանների վերադարձնել գերիներին:
Եվրոպացի խորհրդարանականներն անարձագանք չեն թողել նաև Հայաստանի սահմանին ընթացող վերջին զարգացումները։ Եվրախորհրդարանի 607 պատգամավորի կողմ քվեարկությամբ հաստատված բանաձևում որակումը հստակ է:
Աննա Չիչյան - Դատապարտում է ադրբեջանական զորքերի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք, ըստ էության՝ Հայաստանի տարածքային ամբողջականության խախտում է սա որակվում:
Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը Հայաստանը կարող է օգտագործել Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը մեծացնելու համար։ Մասնագետների կարծիքով՝ բանաձևը լուրջ հետևանքներ կունենա միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։