Բացի Միության երկրների առաջնորդներից, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հեռավար նիստին այս անգամ մասնակցում էին նաև Կուբայի և Ուզբեկստանի նախագահները՝ դիտորդի կարգավիճակում: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդն այսօր քննարկեց 15 հարց, որոնց թվում՝ Միության գազի ընդհանուր շուկայում գնապիտակավորման, ներքին սպառման համար գազի փոխադրման սակագնի սահմանման ասպեկտները, միջնաժամկետ հեռանկարում Միության հիմնական գործընկերների հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացման մոտեցումների հաստատումը:
ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի ստեղծումն առաջնահերթություն է, հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նավթի ու գազի միասնական շուկան ԵԱՏՄ-ում պետք է աշխատի 2025 թվականից:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետի պաշտոնակատար) - Անհրաժեշտ է համաձայնեցնել ոչ միայն գազի գնագոյացման մոտեցումները, այլև սահմանել տարանցման սակագները։ Նման սակագները պետք է գործեն երկրներից ցանկացածի նկատմամբ թափանցիկության և ոչ խտրական մոտեցման հիման վրա:
ԵԱՏՄ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵԱՏՄ պետությունները կշարունակեն բարենպաստ պայմաններ ձևավորել ձեռնարկատիրական ակտիվության վերականգնման և Միության ներքին շուկայի հնարավորությունների ընդլայնման համար: Միության մեկ այլ առաջնահերթություն Փաշինյանը համարեց փոխադարձ առևտրում խոչընդոտների և սահմանափակումների հայտնաբերումն ու վերացումը:
Նիկոլ Փաշինյան - Այս աշխատանքը կատարվում է առանց չափազանցության Միության ողջ գոյության ընթացքում։ Չնայած ապրանքների և ծառայությունների միասնական շուկայի ստեղծման ճանապարհին առկա տարաձայնություններին և օբյեկտիվ դժվարություններին՝ Միության երկրները շարունակում են կառուցողական լուծումների որոնումը:
Ղեկավար մարմինն այժմ առաջնահերթ է համարում համավարակի և դրա սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարումը միացյալ ուժերով: Մասնակիցները հաստատեցին ռազմավարական նշանակություն ունեցող դեղերի և դեղանյութերի արտադրությունում համագործակցության միջոցառումների պլանը:
Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - «Սպուտնիկ V»-ն հաջողությամբ տեղայնացվել է Ղազախստանում և Բելառուսում: Ռուսաստանը միակ երկիրն է, որը փոխանցում է պատվաստանյութի տեխնոլոգիան։ Քննարկվում է Հայաստանում և Ղրղզստանում նման արտադրության հնարավորությունը: Շուտով շրջանառության մեջ կդրվի չորրորդ պատվաստանյութը՝ «Սպուտնիկ լայթը»:
Ռուսաստանի նախագահը նաև ուշադրություն հրավիրեց «Ճամփորդում եմ առանց COVID-ի» թվային հարթակին: Նախագիծն իրականացվել է Եվրասիական զարգացման բանկի թվային նախաձեռնությունների հիմնադրամի աջակցությամբ՝ հայկական կողմի նախաձեռնությամբ: ԵԱՏՄ-ի և երրորդ երկրների միջև համագործակցությունը ցույց տվեց իր պահանջվածությունը, հավելեց Նիկոլ Փաշինյանը: Հայաստանը մեծապես կարևորում է առողջապահության ոլորտում համագործակցությունը, հիվանդությունների համատեղ կանխարգելումը:
Նիկոլ Փաշինյան - Ինտեգրման զարգացման համար կարող են անհրաժեշտ լինել նոր ներդրումային հիմնադրամներ: Արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման համար պետք է շարունակել մասնագետների պատրաստման աշխատանքները՝ մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ։ Այդ կապակցությամբ կարևոր է մշակել ԵԱՏՄ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում ակադեմիական շարժունակության հարթակը:
Հուլիսի 1-ից փորձնական շահագործման մեջ կմտնի աշխատանքի որոնման միասնական համակարգի ներդրումը։ Աշխատանքի տեղավորման նոր հնարավորություններ ի հայտ կգան հնգյակի երկրներում։ Ղեկավարներն անհրաժեշտ համարեցին էլեկտրոնային առևտրի ակտիվացումը, միասնական ազգային շուկայի ձևավորումը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկեց Եվրամիության օրինակով Միության տարածքում ազատ տեղաշարժի ապահովում, Ղազախստանի նախագահն էլ կարծիք հայտնեց՝ ԵԱՏՄ անդամ պետությունները պետք է ստեղծեն լոգիստիկ մեծածախ-բաշխման կենտրոններ, որոնք կկարողանան ժամանակին անհրաժեշտ ապրանքները հասցնել Միության ներսում, ինչպես նաև արագացնել ապրանքների արտահանումը երրորդ երկրներ: Վերջին 5 տարվա ընթացքում փոխադարձ առևտրի ծավալն աճել է 23 տոկոսով, իսկ 2020 թվականին՝ կազմել 55 մլրդ դոլար։