ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշն ու ԱՄՆ նախագահ Բայդենը ողջունել են Իսրայելի և Գազայի հատվածի միջև հրադադարի հաստատումը, գրում է BBC-ն:
«Ես ողջունում եմ կրակի դադարեցումը Գազայի և Իսրայելի միջև 11-օրյա ռազմական գործողություններից հետո և կոչ եմ անում կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էլ ասել է, որ ինքը զրուցել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ և շնորհակալություն հայտնել հրադադարի որոշման համար:
Բայդենը նաև նշել է, որ ԱՄՆ-ը ՄԱԿ-ի հետ համագործակցելու է Գազայի հատվածին հրատապ մարդասիրական օգնություն տրամադրելու համար:
Իսրայելի կառավարությունը զինադադարի մասին որոշում կայացնելիս հայտարարել է, որ 11-օրյա ռազմական արշավի ընթացքում Իսրայելը հասել է «հսկայական նվաճումների»:
Պաղեստինա-իսրայելական սրացումները սկսվեցին 11 օր առաջ: Պաղեստինյան կողմի տվյալներով՝ մինչ այժմ հատվածում զոհվել է 232 խաղաղ բնակիչ, որոնցից մոտ 100-ը կանայք ու երեխաներ են: Իսրայելն էլ պնդում է, որ սպանվածներից առնվազն 150-ը ծայրահեղական ՀԱՄԱՍ և «Իսլամական ջիհադ» խմբավորումների մարտիկներ են:
Իսրայելում հրթիռակոծությունից զոհվել է 12 մարդ, այդ թվում՝ 2 երեխա: Հրեական մի քանի քաղաքներում ավերածությունների պատճառով շատ բնակիչներ զրկվել են տուն վերադառնալու հնարավորությունից: