«Ճամփորդական նոթեր. արվեստի դեսպանները» ցուցադրությամբ «Նիկողոսյան» մշակութային հիմնադրամը բացահայտում է ազգային կերպարվեստի վեց մեծ վարպետի՝ քանդակագործ, նկարիչ Նիկոլայ Նիկողոսյանի, Գրիգոր Խանջյանի, Խաչատուր Իսկանդարյանի, Ալեքսանդր Գրիգորյանի, Երանուհի և Մարիամ Ասլամազյանների եվրոպական ուղևորությունների գեղանկարչական համապատկերը:
Խորհրդային Միության փակ ժամանակաշրջանում արտերկիր ճամփորդություններն առանձնապես չէին խրախուսվում, և այդ նույն տրամաբանությամբ ճամփորդական ստեղծագործություններն էլ հիմնականում չէին քարոզվում: «Նիկողոսյան» հիմնադրամը լրացնում է անցյալի բացը:
Ցուցադրությունն ամբողջանում է հեղինակների՝ Եվրոպայի տարբեր երկրներում ստեղծած գրաֆիկական ու գեղանկարչական գործերով. ասենք՝ վենետիկյան պատկերներով՝ Խանջյանի «Սկալցի կամուրջն» ու «Սբ. Մարկոսի հրապարակը», Երանուհի Ասլամազյանի «Հառաչանքի կամուրջն» ու «Դոժերի պալատը» կամ Նիկողոսյանի «Փարիզյան տեսարանները»: Բոլոր հեղինակներն էլ մեծապես ոգեշնչվել են Իտալիայի հզոր մշակույթով:
Հայազգի մեծ վարպետներն այն քչերից էին, որոնց հաջողվում էր ճեղքել «երկաթե վարագույրը» և, ըստ էության, դառնալ մշակութային դիվանագիտության առաջամարտիկները:
«Ճամփորդական նոթեր. արվեստի դեսպանները» ցուցադրությունը կգործի մինչև օգոստոսի կեսը: Այս տարի հիմնադրամը առանձնահատուկ շեշտադրում է արվեստը վերաիմաստավորելու և նոր բովանդակությամբ հարստացնելու անհրաժեշտությունը: