Հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների գրանցման փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու համար վերջնաժամկետ է սահմանվել մայիսի 26-ը՝ ժամը 18.00-ը։
Հաշվի առնելով ժամկետի սղությունը՝ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն ու տարածքային անձնագրային ծառայությունները կաշխատեն նաւ շաբաթ-կիրակի օրերին՝ մայիսի 22-ին և 23-ին՝ ժամը 10.00-17.00-ը:
Անձնագրայինում պատգամավորի թեկնածուներին եռօրյա ժամկետում կտրամադրեն վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և Հայաստանում մշտապես բնակվելու մասին տեղեկանքներ: Հանգստյան օրերին անձնագրայինում այլ ծառայություններ չեն մատուցվելու:
Արա Մկրտչյան (ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ) - Այս ընտրություններին թեկնածուների ակտիվությունն աննախադեպ բարձր է, այս պահի դրությամբ բոլոր ստորաբաժանումները միասին վերցրած ընդունել են 1600 դիմում, որոնցից շուրջ 800 դիմումի պատասխան է տրվել, 17 դիմումի մերժման որոշում է կայացվել, մնացած դիմումները ուսումնասիրության և քննության փուլում են:
Որպեսզի սահմանված ժամկետում կարողանանք գործընթացը իրականացնել, որևէ մեկին չզրկենք ընտրվելու իր իրավունքն իրացնելուց, որոշում է կայացվել մոտակա շաբաթ և կիրակի օրերին անձնագրային բոլոր ստորաբաժանումներում սահմանվի հերթափոխ: