Տարեսկզբից թեև Հայաստանում հրդեհների թիվը, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի քան 18 տոկոսով նվազել է, բայց ապրիլից թիվը կտրուկ ավելացել է։
Արսեն Սարոյան (ԱԻՆ ՃԿԱԿ պետի տեղակալ) - Այս տարվա ապրիլ ամիսը կոնկրետ՝ 2,5 անգամ, տեսեք՝ 439 դեպք, անցյալ տարի ունեցել ենք 209 դեպք։
Հրդեհների թվի ավելացումը տաք եղանակով պայմանավորված չէ, վստահեցնում են ԱԻՆ-ից։ Բնակելի տարածքներում թվերն ավելացել են, բուսածածկում՝ 3 անգամ ավելի շատ։ Արձանագրվել է մոտ 1500 դեպք։
Արսեն Սարոյան - Բնակելի շենքերում՝ 9 տոկոս, առանձնատներում 12 տոկոսն ա եղել, տրանսպորտային միջոցներում՝ 10 տոկոս, բուսածածկ տարածքներում ամենաշատն էր՝ 38 տոկոս, աղբի և աղբատարների մասով՝ 13 տոկոս։
5 զոհ, 11 տուժած՝ այս տարի արձանագրված հրդեհների վիճակագրությունն է։ Դեպքերը 37 տոկոսով ավելացել են Արմավիրում։ Հրդեհների 94 տոկոսը մարդկային գործոնի հետևանք է։ ԱԻՆ պատասխանատուն վստահ է՝ թե բուսածածկ, թե բնակարանային պայմանների հակահրդեհային կանոններին քաղաքացիները հիմնականում տիրապետում են, բայց չեն պահպանում։
Արսեն Սարոյան - Շատ անգամ ասում ենք՝ գիտեք, որ ինքնաշեն վառարան չի կարելի, ասում են՝ գիտենք, բայց օգտագործում են։ Գնում ենք անտառային տարածք ընտանիքով հանգստանալու, բայց սկսած ծխախոտի մնացորդից, խորոված են պատրաստում, ու մոռանում ենք, որ կրակի մնացորդները դեռ մնացել ա։
Եղանակը դեռ կտաքանա մինչև 37 աստիճան, ԱԻՆ-ում արդեն պատրաստ են դեպքերին արձագանքելուն, իսկ բնակչությանը ևս մեկ անգամ հորդորում են՝ պահպանել հակահրդեհային կանոնները։