Ռուսաստանը «կկոտրի բոլոր նրանց ատամները», որոնք կփորձեն ոտնձգություն կատարել երկրի տարածքային ամբողջականության նկատմամբ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Հաղթանակ» կազմկոմիտեի նիստում ելույթի ժամանակ: Դա խորհրդատվական մարմին է, որը զբաղվում է հայրենասիրական դաստիարակության հարցերով: Պուտինի խոսքով՝ «Ոմանց համար Ռուսաստանը չափազանց մեծ է»: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Բոլորը փորձում են մեզ կծել կամ կծելով մեզնից կտոր պոկել: Բայց նրանք պետք է իմանան, որ մենք կկոտրենք բոլորի ատամները, որպեսզի նրանք չկարողանան կծել, և դրա գրավականը զինված ուժերի զարգացումն է»,- ասել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահը նշել է, որ խոսքը Սիբիրի մասին է. իբր «անարդար է, որ այդպիսի հսկայական տարածաշրջանի հարստությունը պատկանում է միայն Ռուսաստանին»: Այս արտահայտությունը հաճախ վերագրում են Մադլեն Օլբրայթին, որը 90-ականների վերջին ԱՄՆ պետքարտուղարն էր: Ռուսաստանի ղեկավարները, ներառյալ Պուտինը, արդեն մի քանի անգամ մեջբերել են այս հայտարարությունը: Օլբրայթը կտրականապես հերքում է, որ երբևէ ասել կամ նույնիսկ մտածել է նման բան:
Պուտինը նկատել է, որ հենց երկիրն ավելի ուժեղ է դառնում, նրա հակառակորդներն անմիջապես պատճառներ են գտնում սահմանափակելու դրա զարգացումը: Նման փորձերը, նշել է ՌԴ ղեկավարը, շարունակվել են նույնիսկ ԽՍՀՄ փլուզումից հետո: