ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսօր՝ մայիսի 21-ին, ընդունել է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերով զեկուցող Պոլ Գավային (Իռլանդիա), ԵԽԽՎ Միգրացիայի հանձնաժողովի քարտուղար Մարկ Նեվիլին, ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանեին, ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանին, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին։
Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է հետպատերազմյան շրջանում Արցախից տեղահանված մարդկանց և, մասնավորապես, ռազմագերիների իրավունքների խախտման հարցերը։ Անդրադարձ է եղել միջազգային կառույցների հետ կատարած աշխատանքին։
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը կարևորել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը՝ նշելով, որ Ադրբեջանի իշխանությունները կոպտորեն խախտում են գերիների իրավունքների պաշտպանության միջազգային պահանջները, նրանց ներկայացնում են ահաբեկիչներ կամ դիվերսանտներ։ Իսկ ադրբեջանական իշխանություններն արհեստականորեն ձգձգում և քաղաքականացնում են նրանց հետվերադարձի գործընթացը։
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը ներկայացրել է Արցախից տեղահանված բնակիչների և նրանց գույքային իրավունքների հարցերը։ Տեղեկացրել է, որ Հայաստանը միջպետական գանգատ է ներկայացրել Եվրոպական դատարան, որում ներառված են նաև ներքին տեղահանված բնակիչների իրավունքները։ Գանգատին կից ներկայացվել են բազմաթիվ և ծավալուն ապացույցներ պատերազմական հանցագործությունների մասին:
Այս համատեքստում Եղիշե Կիրակոսյանը հավելել է, որ միջպետական գանգատ է ներկայացվել նաև Թուրքիայի դեմ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում սիրիացի վարձկաններ հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու, ինչպես նաև Բաքվին ռազմական օժանդակություն ցուցաբերելու վերաբերյալ։