Արկտիկական գերտերություն Ռուսաստանը կտրուկ է արձագանքել Գրենլանդիայում ԱՄՆ ներկայությունն ընդլայնելու վերաբերյալ առաջարկին: Կոպենհագենում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Բարբինն ասել է, որ եթե ամերիկացիներին թույլատրվի լրացուցիչ ուժեր տեղակայել Գրենլանդիայում և Արկտիկայում, կնշանակի, որ Դանիան հրաժարվում է «կրել տարածաշրջանում նվազագույն լարվածություն պահելու պատասխանատվության իր բաժինը», գրում է eadaily-ն:
«Արկտիկայում տեղ չկա ՆԱՏՕ-ի և նրա զենքի համար»,- գրավոր մեկնաբանության մեջ նշել է Ռուսաստանի դեսպանը:
Այսկերպ Ռուսաստանն արձագանքել է Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի և Գրենլանդիայի արտգործնախարար Պելե Բրոբերգի հայտարարություններին: Ամերիկացիների Կոպենհագեն այցի նախօրեին Բրոբերգը բարձրաձայնել է Գրենլանդիայի պաշտպանության համար «իսլանդական մոդելի» կիրառման գաղափարը: Իսլանդիան ԱՄՆ-ի հետ երկկողմ համաձայնագիր ունի ռազմական անվտանգության երաշխիքների վերաբերյալ: Գրենլանդիայի կառավարության անդամներից մեկը, որը կղզին Դանիայից շտապ տարանջատելու կողմնակիցներից է, ցանկություն է հայտնել կրճատել Գրենլանդիայում Դանիայի ռազմական ներկայությունը: