Վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ու Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը մասնակցել են Գորիսի 6-րդ հիմնական դպրոցի նորոգված մարզադահլիճների բացման արարողությանը: Վերանորոգումն իրականացվել է հիմնադրամի «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» փորձնական ծրագրով: Այն նվեր է դպրոցի սովորողներին՝ որպես Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Մանկական լիգա» հաղորդաշարի հաղթողներ։
Գորիսի Սերո Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցի նորոգված մարզադահլիճում առաջին մեծ սպորտային միջոցառումն է՝ բասկետբոլի ընկերական խաղ, որին հետևել են Աննա Հակոբյանը և Լենա Նազարյանը:
Այս դեպքում՝ հաղթող են բոլորը, բայց, հատկապես, աշակերտները: Նրանք մասնակցել են Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Մանկական լիգա» հաղորդաշարին և 2-րդ տեղը զբաղեցրել: «Իմ քայլը» հիմնադրամի միջոցներով դպրոցն արդեն ունի նորոգված 2 մարզադահլիճ՝ նոր մարզագույքով, 2 հանդերձարան՝ կից սանհանգույցներով և ցնցուղարաններով։
Այստեղ չեն ուզում հիշել նախկին անմխիթար վիճակը, ընդգծում են՝ նման պայմաններում ֆիզկուլտուրայի յուրաքանչյուր դաս շատ ավելի արդյունավետ կլինի, արդեն առանց հագուստի ներկայացող աշակերտներ էլ չեն լինի: Միասին կմարզվեն՝ խթանելով առողջ ապրելակերպը:
«Իմ քայլը» հիմնադրամի և Հանրային հեռուստաընկերության գործակցության արդյունքում բացի Գորիսի դպրոցից, նաև Վանաձորի 25-րդ դպրոցի մարզադահլիճներն են ամբողջությամբ նորոգվել: «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» պիլոտային ծրագրի շրջանակում հիմնադրամի ֆինանսավորմամբ նորոգել են նաև Արմավիրի մարզի Տանձուտի և Այգեշատի դպրոցների մարզադահլիճները: