Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է սոցիալական ցանցերում հայտնված Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի ենթադրյալ «հայտարարության» տեքստին՝ սահմանազատման խնդրի վերաբերյալ: Պեսկովը հորդորել է զուսպ վերաբերվել նման «պատահական հրապարակումներին» և կենտրոնանալ պաշտոնական աղբյուրների վրա:
«Ընդհանրապես, սա շատ զգայուն թեմա է, և իրավիճակը կարգավորելու համար շատ լուրջ ջանքեր են գործադրվում: Պետք է շատ զուսպ լինել նման պատահական հրապարակումների հետ գործ ունենալիս և կենտրոնանալ միայն պաշտոնական աղբյուրների վրա»,- ասել է Պեսկովը «ՌԻԱ Նովոստիին»՝ պատասխանելով սոցիալական ցանցերում հայտնված եռակողմ հայտարարության տեքստը մեկնաբանելու խնդրանքին: