Կրթական գերատեսչության նախաձեռնությամբ հունիսի վերջին կմեկնարկի ռազմամարզական ճամբարի փորձնական ծրագիրը: «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի շրջանակում ստացած տեսական գիտելիքները 11-րդ դասարանում աշակերտները կփոխարինեն գործնականով:
Արթուր Կարապետյան (Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի փոխտնօրեն) - Ծրագրով նախատեսված է, որ երեխաները ձեռք բերեն մարտավարաֆիզիկական պատրաստություն, հոգեբանական, մարտավարական պատրաստություն:
Ռազմամարզական ճամբարում 12 օր աշակերտները կապրեն զինվորական կարգուկանոնով: Կսովորեն՝ ինչպես արագ կողմնորոշվել արտակարգ, այդ թվում նաև՝ պատերազմական իրավիճակում: Այժմ ռազմամարզական ճամբարի տեղն է որոշվում, այն կկազմակերպվի Հանքավանում կամ Աղվերանում:
Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Վերլուծելով իրավիճակը, հասկանալով այն մարտահրավերները, որոնց առաջ կանգնած է երկիրը, խնդիր ունեինք էապես բարձրացնել նախնական զինվորական պատրաստության որակը դպրոցներում: Պատերազմից հետո ևս մեկ անգամ վերանայել ենք թե՛ չափորոշիչը, թե՛ մեր մոտեցումները:
Ճամբարը զինված ուժերի գումարտակի կառուցվածքի տարբերակով կլինի՝ երեք վաշտ, յուրաքանչյուրում՝ երեք դասակ, յուրաքանչյուր դասակում էլ՝ մինչև 12 սովորող: Այս տարի մարզառազմական ճամբարի ծրագիրը նախատեսված է չորս դպրոցի 100 աշակերտի համար: Փորձնական ծրագրում ընտրվել են Երևանի, Չարենցավանի և Գեղաշենի դպրոցները:
Ժաննա Անդրեասյան - Դպրոցներն ընտրվել են՝ ելնելով ՆԶՊ առարկայից կազմակերպվող օլիմպիադաների ժամանակ դպրոցների ցուցաբերած արդյունքներից, տվյալ դպրոցում զինղեկների կատարած արդյունքից:
Նախարարությունը ծրագրի մեկնարկից առաջ քննարկումներ է իրականացրել պաշտպանության ու արտակարգ իրավիճակների նախարարությունների, նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հետ: Հաջողելու դեպքում այն կլրամշակեն, և արդեն հաջորդ տարի կընդլայնվի ինչպես դպրոցների, այնպես էլ աշակերտների շրջանակը: