ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ՝ փոխանցում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը:
Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղի շրջաններում, որտեղ ռուսական խաղաղապահ զորախումբն առաջադրանքներ է կատարում, ինչպես նաև փոխադարձ շահեր ներկայացնող այլ հարցեր:
Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի սադրանքների հետևանքով ստեղծված իրադրությունը և հայկական կողմի գործողությունները։ Երկուստեք կարևորվել է խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։
Միևնույն ժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը շեշտել է, որ ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի են և ադրբեջանցի զինվորականները պարտավոր են վերադառնալ ելման դիրքեր։