Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի հերթական նիստը։ Հանձնաժողովը քննության է առել հարկ վճարողների ներկայացրած բողոքները, որոնք հիմնականում վերաբերում էին հարկման ռեժիմների ընտրությանը և ՀԴՄ շահագործման կանոնների խախտմանը:
ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի դիտարկմամբ՝ շատ են դեպքերը, երբ հարկ վճարողները սահմանված ժամկետում շրջանառության հարկ վճարող կամ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն չեն ներկայացնում: Հանձնաժողովն, ըստ էության, ուսումնասիրում է այն պատճառները, որոնք կարող էին խոչընդոտել հարկ վճարողին՝ այդ հայտարարությունը ներկայացնելու համար: Այդպիսի իրավիճակներ են ստեղծվում հիմնականում առողջական խնդիրների, նաև համավարակի շրջանում ինքնամեկուսացման պատճառով: Լինում են նաև տեխնիկական խոչընդոտներ: Նման դեպքերում, եթե հանձնաժողովի անդամները տեսնում են, որ հարկ վճարողը մեղավոր չէ, որ չի կարողացել այդ հիմքով ներկայացնել հայտարարությունը, դիմումները բավարարվում են:
Հանձնաժողվի նիստում քննարկված բողոքներով որոշումները մեծ մասամբ կայացվել են հոգուտ հարկ վճարողների: Ի թիվս 35 դիմում-բողոքների, բավարարվել է նաև «Պալմիրա Ֆուդ» ՍՊԸ-ի բողոքը: Պիցցաների պատրաստմամբ զբաղվող ընկերությունը, որը հիմնադրել է Շվեդիայից հայրենադարձված ամուսնական զույգը, օրեր առաջ մամուլում դժգոհություն էր ներկայացրել հարկային մարմնի գործողությունների և ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար 600.000 դրամով տուգանվելու հետ կապված: Կոմիտեի ղեկավարի հանձնարարությամբ անմիջապես ծառայողական քննություն է իրականացվել: Տնտեսվարողի դժգոհությունը լսվել է նաև ՊԵԿ բողոքարկման հանձնաժողովում: Քննարկումների արդյունքում պարզվել է, որ մինչև խախտում արձանագրելը, ստուգիչ երկու գնման ժամանակ տնտեսվարողը տրամադրել էր ՀԴՄ կտրոն, իսկ երրորդ դեպքով, ըստ բողոքաբերի, չէր նկատել սեղանին դրված գումարը և կտրոն չէր տրվել: «Հանձնաժողովը հանգեց եզրակացության, որ հնարավոր է, որ հարկ վճարողը նկատած չլիներ գումարը և այդ է եղել պատճառը, որ ՀԴՄ կտրոն չի տրամադրվել։ Ձայների մեծամասնությամբ որոշում կայացվեց հօգուտ տնտեսվարողի և բողոքը բավարարվեց»,-հայտնել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը:
Այսպիսով, նմանատիպ օրինակներով ևս վերահաստատվում է, որ տնտեսվարողին տուգանելու որոշումները անբեկանելի դատավճիռներ չեն: Լրատվամիջոցներում անհարկի աղմուկ բարձրացնելու փոխարեն յուրաքանչյուր գործարար պետք է նկատի ունենա, որ լիարժեք հնարավորություններ ունի ՊԵԿ բողոքարկման հանձնաժողովում գործընկերային մթնոլորտում պաշտպանելու իր իրավունքները՝ եթե, ըստ իրեն, կայացվել են ոչ արդարացի որոշումներ կամ առկա են բողոքներ հարկային և մաքսային ծառայողների գործողություններին կամ անգործության վերաբերյալ:
Բողոքարկման հանձնաժողովի տվյալներով 2021 թ. 4 ամսվա ընթացքում քննարկվել է 613 բողոք, որից մերժվել է ընդամենը 241-ը, այսինքն շուրջ 39 տոկոսը: Մնացած դեպքերով հարկ վճարողների բողոքներն ամբողջությամբ կամ մասնակի բավարարվել են: